10/29/2020

Կկարողանա՞ Հայաստանի օրվա իշխանությունը Սյունիքում ստեղծել Քաջարանից անկախ դատարան

Կկարողանա՞ Հայաստանի օրվա իշխանությունը Սյունիքում ստեղծել Քաջարանից անկախ դատարան

Սյունիքի մարզը մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու պատմական խնդիրը շարունակում է մնալ հայոց ազգային օրակարգի ամենահրատապ հարցերից մեկը:

Խնդրի առանձնահատկությունն այն է, որ դրա լուծումը չեն ցանկացել ո՛չ նախորդ եւ ո՛չ ներկա իշխանությունները:

Ավելին՝ ներկա ու նախորդ իշխանությունները, որ գրեթե բոլոր հարցերում միմյանց միս են ուտում, Սյունիքում ընդհանուր շահեր ու արյունակցություն ունեն եւ ապրում են գրկախառնությամբ, ախպերությամբ. այդ շահն ու արյունակցությունը Քաջարան առանցքն է, որ պետություն է պետության ներսում, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետությունից ավելի հզոր պետություն, որ կարող է նույնիսկ Հայաստանի Հանրապետությանը կամք պարտադրել:

Հայոց պետականությանը սպառնացող այդ վտանգի բաղադրիչներից մեկը, անտարակույս, Քաջարանից անկախ դատարանի բացակայությունն է երկրամասում:

Եվ ուրեմն՝ Սյունիքը Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորելու առաջին քայլերից մեկը (եթե, իհարկե, կամենում ենք) կարող է լինել  մարզում Քաջարանից անկախ ընդհանուր իրավասության դատարանի ստեղծումը:

Ու եթե դա պիտի արվի գործող դատարանի հիման վրա, ապա պետք է ժամ առաջ այդ դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին պաշտոնանկ անել եւ քշել Սյունիքից (թող Երեւանում, եթե շատ են ցանկանում, հնարավորություն տան նրան՝ կրկին զբաղեցնելու գործավարի հաստիք որեւէ գրասենյակում):

Երկար ու ձիգ տարիներ գլխավորելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ այդ տղան այդպես էլ մնաց որպես հայտնի խմբակի ձեռքի գործիքը, մնաց Սյունիքին ու սյունեցուն անհաղորդ եւ իբրեւ մայրաքաղաքից եկող-գնացող տասնյակ տեսիլք-պաշտոնյաններից մեկը:

Եվ, այդուհանդերձ, Սամվել Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցն այլեւս ածանցյալ է դատարանի՝ չափազանց կարեւոր խնդրի համապատկերի վրա, իսկ խնդիրն առավելագույնս հստակ է՝ Սյունիքը պետք է ունենա Քաջարանից չկախված, Քաջարանով չկաշկանդված, Քաջարանով չղեկավարվող ընդհանուր իրավասության դատարան:

Սյունեցին իրավունք ունի մարզում  ունենալ այդպիսի դատարան՝ իր իրավունքներն իրացնելու համար:

Դա կլինի առաջին քայլը Սյունիքի եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորման ճանապարհին:

Ի դեպ, կա խնդրի կարգավորման մեկ այլ տարբերակ եւս. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության գործող դատարանը պաշտոնապես հռչակել Քաջարանի փաստաբանական արտադրամաս, իսկ մարզում ստեղծել նոր դատարան՝  բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով առաջնորդվելու անբեկանելի պայմանով: 

Հ.Գ.

Նկատի ունենալով, որ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքէջում Սամվել Գրիգորյանի լուսանկարի տեղում սովորական գծապատկեր է դրված, ուստի եւ հենց այդ դատարկությունն էլ ներկայացնում ենք որպես հրապարակման գլխավոր նկար, այլ հարց է, թե ինչու է պարոնն ամաչում իր լուսանկարը հանրայնացնելուց:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: