08/04/2020

Հայատյացության սերմանումը, որը սկզբունքորեն նման է ռասիզմի, ադրբեջանական քաղաքականության հիմքն է. Մաքսիմ Վասկով

Հայատյացության սերմանումը, որը սկզբունքորեն նման է ռասիզմի, ադրբեջանական քաղաքականության հիմքն է. Մաքսիմ Վասկով

Ադրբեջանի Հանրապետության գոյության ամբողջ ժամանակաշրջանում հայատյացության սերմանումը, որը սկզբունքորեն նման է ռասիզմի, ադրբեջանական ներքին քաղաքականության հիմքն է. News Front տեղեկատվական գործակալության կայքում, ըստ yerkir.am-ի, գրում է «Միր Կավկազա» միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն և գիտական ղեկավար, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ Մաքսիմ Վասկովը:

«Մենք` ռուսաստանցիներս, ըստ էության, այդ տեղեկատվական պատերազմի դրսևորումները տեսնում ենք նաև մեր քաղաքացիների հանդեպ. եթե նրանց ազգանունը գոնե փոքր-ինչ նման է հայկականի, կոպիտ ու խտրական կերպով նրանց պարզապես արգելում են մտնել Ադրբեջան»,- նշում է նա:

Ադրբեջանի` Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմի կարևոր տարրերից է, ըստ Վասկովի,  պատմական հիշողության հետ մանիպուլյացիան և պատմական իրադարձությունների սեփական տեսլականը պարտադրելու փորձը: Որպես դրա պարզաբանում` նա վերլուծում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնի` մայիսի 9-ի նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանին տված բացառիկ հարցազրույցը, որում նա հերթական անգամ փորձեց քարոզել ռասիզմն ու հակահայկական թեզերը:

«Նյութն` իր բովանդակությամբ, ինչպես հարցերի, այնպես էլ պատասխանների առումով, միակողմանի է և փաստերի աղավաղում` ակներևաբար ուղղված Ադրբեջանի դրական իմիջի ստեղծմանը  և, որպես դրա հակակշիռ,  Հայաստանի ու հայերի ծայրահեղ բացասական կերպարի ձևավորմանը: Հարցազրույցում նկատելի են հետաքրքիր խեղաթյուրումներ ու փաստերը լռության մատնելու  փորձեր, թեև ի՞նչ օբյեկտվություն ու լրագրողական անկողմնակալություն կարելի է սպասել Ադրեջանի երեք շքանշանի ասպետից, որը հարցազրույց է վարում Ադրբեջանի նախագահի հետ, ընդ որում`թեմայով, որը վերաբերում է նաև Հայաստանին»,- գրում է Վասկովը` շեշտելով, որ Գուսմանն արդեն առաջին իսկ հարցում հայտնում է առասպելական տեղեկություն, թե իր «123 ադրբեջանցի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման»: 

Տարակուսելով, թե դա ի՞նչ է` անգիտությո՞ւն, թե՞ քարոզչություն, հոդվածի հեղինակը նշում է, որ այդ թիվն իրականում 43 է, ընդ որում` եթե խոսքը ժամանակակից Ադրբեջանի հավակնությունների սահմաններում գտնվող տարածքներից Խորհրդային Միության հերոսների մասին է, ապա նրանց մեծ մասը ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող բնիկ ժողովուրդներից և տարբեր ազգային փոքրամասնություններից են: Այսպես`  կրկնակի հերոս Ազի Ասլանովը թալիշ է, մյուսները` քուրդ կամ լեզգի:

«Չի կարելի ուշադրություն չդարձնել հարցազրույցում առկա կրկնակի չափորոշիչներին: Օրինակ` Ադրբեջանի նախագահը քննադատում է «Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ բարբարոսական գործողությունները որոշ երկրներում, բայց «համեստորեն» լռում է, թե Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված քանի հուշարձան է ոչնչացվել հենց ժամանակակից Ադրբեջանի տարածքում: Նրանց «մեղքը», ում հուշարձանները ոչնչացվել են Ադրբեջանում, այն է, որ հայ են: Խորհրդային ժամանակաշրջանի պատմական հիշողության նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքը ոչնչով չի տարբերվում այն բանից, ինչ տեսնում ենք Ուկրաինայում 2014-ի պետական հեղաշրջումից հետո, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Չեխիայում: Եթե մեզ`ռուսաստանցիներիս, վրդովեցնում է  խորհրդային զինվորների հիշատակի նկատմամբ այդ պետությունների վերաբերմունքը, ապա ոչ պակաս պետք է վրդովեցնեն նաև Ադրբեջանի գործողությունները: Մասնավորապես` դեռևս 1988 թվականին Կիրովաբադում (ներայումս` Գյանջա) ապամոնտաժվեց և ոչնչացվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի բրոնզե կիսանդրին: Չարդախլու գյուղի տարածքում, որտեղ ծնվել են  երկու մարշալ` Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, քանդվել է Բաղրամյանի հայրական տունը, որը թանգարան էր նախկինում, իսկ մարշալի կիսանդրին նույնպես ապամոնտաժվել է և տեղում ադրբեջանցի աշուղի արձան է կանգնեցվել: Արցախի այդ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են բացարձակապես ամենը, ինչը հիշեցնում է երկու մարշալների, տասնյակ գեներալների ու այլ բարձրաստիճան զինվորականների մասին»,- գրում է Վասկովը` նաև հիշեցնելով, որ 1988-ին Շուշիում ադրբեջանցիները ոչնչացրել էին ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի արձանը, և Ադրբեջանի տարածքում այդպիսի ճակատագրի են արժանացել նաև բազմաթիվ այլ հուշարձաններ, որոնք Հայրենական մեծ պատերազմի ընդհանուր հիշողության ամփոփումն էին և այս կամ այն կերպ կապ ունեին հայերի հետ:

Հոդվածի հեղինակը շեշտում է, որ Ադրբեջանի գործող իշխանությունը ոչ միայն չի քննադատում այդպիսի վանդալիզմը, այլ նաև շարունակում է խեղաթյուրել պատմությունը դասագրքերի ու ԶԼՄ-ների միջոցով:

Վասկովը նաև նշում է, որ դժվար է հրաժարվել մտքից, որ Գուսմանի հարցազրույցը մտահղացվել էր, որպեսզի «հայկական ֆաշիզմի» մասին հերթական ապատեղեկատվությունը տարածվի: «Լրագրողական էթիկան պահանջում է թեմայի բազմակողմանի հետազոտություն: Սակայն  Գուսմանը մյուս հարցն էլ է ձևակերպում այնպես, որ պատասխանի միակողմանի հնչի` «Իսկ որոշ երկրներում նույնիսկ տեղադրվում են ֆաշիստների հետ համագործակցողների կամ պարզապես ֆաշիստական ռեժիմի գործիչների արձաններ կամ հուշատախտակներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրավիճակին»: Հաշվի առելով Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը, նաև այդ թեմայով շահարկումները, բարդ չէ գուշակել, որ հարցը տրվում է ակնհայտ մտադրությամբ` նպաստել Գարեգին Նժդեհի մասին ադրբեջանական քարոզչական թեզերի ներկայացմանը: Այդպիսի հանգամանքը կարելի է բնութագրել որպես կանխամտածված քարոզչական քայլ` ուղղված նախապես պատրաստված մեսիջների հնչեցմանը: Ինչպեսև սպասվում էր, Ալիևն իր պատասխանում անդրադառնում է Գարեգին Նժդեհի անձին ու Երևանում կանգնեցված` նրա արձանին»,- գրում է Վասկովը և հավելում` փաստը, որ դա տուրք չէ Հայրենական մեծ պատերազմի ընդհանուր հիշողությանն ու հաղթանակին, այլ հակահայկական քարոզչության հերթական ալիքը, ապացուցվում է ևս մի հանգամանքով` նախագահ Ալիևը ոչ մի կերպ չի հիշատակում Վերմախտի կազմում կռվող ադրբեջանական լեգեոնի և  ադրբեջանցի գործիչների մասին:

«Գարեգին Նժդեհի վերաբերյալ վավերական ապացույցներ չկան, որ նա համագործակցել է հիտլերականների հետ, թեև շատ լավ հայտնի է ինչպես գերմանական, այնպես էլ խորհրդային արխիվային փաստաթղթերի ամբողջ համալիրը: Մեղադրանքը կառուցվել է ասեկոսեների ու «վկաների»  ոչ պարզորոշ ցուցմունքների վրա, ինչը հիանալի երևում է նաև Գարեգին Նժդեհի գործի մեղադրական եզրակացության բնույթից. հիտլերականների հետ համագործակցության` կարծես ամենակարևոր հարցի վերաբերյալ որևէ հստակ բան չի ասվում: Մինչդեռ այն «գործիչների» մասին, որոնք իրապես համագործակցել են հիտլերականների հետ, մնացել են հսկայական քանակությամբ փաստաթղթային վկայություններ, և դրանք լավ հայտնի են»,- գրում է Վասկովը և ընդգծում, որ, իր կարծիքով, Գարեգին Նժդեհի հետ կապված թեման արհեստանորեն է ներմուծվում ռուսաստանյան տեղեկատվական դաշտ հակահայկական քարոզչություն իրականացնելու և հօգուտ Ադրբեջանի Ռուսաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ազդելու նպատակներով: Նա համարում է, որ դա հասկանալու համար բավական է տեսնել, թե ովքեր են ռուսաստանյան տեղեկատվական տարածքում շրջանառում այդ թեման և ինչ չափազանց ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ:

Ըստ Վասկովի` Երրորդ Ռայխի հետ համագործակցած ադրբեջանցիների վերաբերյալ կոնկրետ փաստաթղթերի մասին, որոնց աղբյուրը հենց գերմանական կառույցներն են, հայտնի է շատ: «Խոսելով ժամանակակից տեղեկատվական արշավների մասին, հարկ է նշել, որ ադրբեջանական լեգեոնի ղեկավարին ադրբեջանական պաշտոնեությունը հիշատակում է մեծ ջերմությամբ: Աբդուրահման Ֆաթալիբեյլի-Դուդենգինսկուն ներկայացնում են որպես «հայրենիքից ստիպված բաժանված ադրբեջանցի հայտնի էմիգրանտ»: Մինչև 2014 թվականը նրան նվիրված ադրբեջանալեզու կայք կար: Աբդուրահման Ֆաթալիբեյլին Կարմիր բանակի սպա էր: Գերի ընկնելով` սկսել էր ծառայել նացիստական պետության շահերին` կռվելով Կարմիր բանակի դեմ մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը: Ադրբեջանական ռեսուրսներում հաճախ մեջբերվող նյութերում ասվում է, որ նրան հավաքագրել է անձամբ Մամեդ Էմին Ռասուլզադեն` Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարներից մեկը: Անշուշտ, ադրբեջանական կողմը կարող է շարունակել պնդել, որ Ռասուլզադեն 1942 թվականին դադարեցրել է համագործակցությունը նացիստական Գերմանիայի հետ` գիտակցելով, որ նրանք պատրաստ չեն եղել Ադրբեջանին անկախություն տալ, սակայն փաստը մնում է փաստ` Վերմախտի կազմում ադրբեջանական կոմիտեն, իսկ հետագայում լեգեոնը ձևավորվել է հենց Ռասուլզադեի ջանքերով»,- գրում է Վասկովը:

Ռասուլզադեի հուշարձանը Ադրբեջանում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ռասուլզադեն և Ֆաթալիբեյլին կազմակերպել են ադրբեջանական լեգեոնի բազմաթիվ զինվորականների տեղափոխումը Թուրքիա, այդպիսով,  օգնում են խորհրդային զորքերի և խաղաղ բնակչության դեմ կռված, 1944-ին Վարշավայի ապստամբությունը ճնշած և մարդկության դեմ այլ ոճիրներ գործած ադրբեջանցի լեգեոներներին` փախչել արդարադատությունից:

«Ադրբեջանի նախագահն, անշուշտ, մոռացել է հիշատակել, որ հենց իր հրամանով 2017 թվականին Ադրբեջանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում գումար էր հատկացվել Ֆաթալիբեյլիի «հերոսական գործերի» մասին ֆիլմ նկարահանելուն: Գլխավոր դերերում Ֆաթալիբեյլիի ղեկավարած ադրբեջանցիներն են, որոնք գովերգում են նացիստական ռեժիմը: Ֆիլմում նաև հպարտությամբ ընդգծվում է, որ Հիտլերն անվստահություն ուներ բոլոր լեգեոնների նկատմամբ, բացի ադրբեջանականից: Միայն ադրբեջանական կոմիտեի նիստն է տեսանկարահանվել ու  ցուցադրվել նացիստական Գերմանիայի քարոզչական հաղորդումներց մեկի` Die Deutsche Wochenschau-ի ընթացքում: Ադրբեջանական ֆիլմում հպարտությամբ նշում են, որ  նացիստական հրամանատարությունը խորհրդային զորքերի դեմ «խիզախ պայքարի» համար ադրբեջանական լեգեոնին առանձնահատուկ էր վերաբերվում ու նշում, որ «նրանք վաստակել են գերմանական ուժերի կողքին կռվելու շանսը»,- գրում է Վասկովը:

Կադր Ադրբեջանի նախագահի պատվերով նկարահանված ֆիլմից, որում ադրբեջանցի նախկին լեգեոները գովաբանում է Ֆաթալիբեյլիին ու նացիստական Գերմանիան

Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ Ադրբեջանի նախագահի հրամանով 2013 թվականին անցկացվել են Ռասուլզադեի 130-ամյակին նվիրված միջոցառումներ, թողարկվել են նրան նվիրված նամականիշեր, մի քանի վայրերում տեղադրվել են նրա արձանները: «Եթե այս դեպքում Ադրբեջանում կարող են հղում անել այն բանին, որ Ռասուլզադեն մեծ ներդրում ունի ադրբեջանական պետության ստեղծման գործում, ապա Ֆաթալիբեյլիի պարագայում, որի մասին նախագահական աշխատակազմի պատվերով ֆիլմ է նկարահանվել, այլ է, քանի որ նրա միակ «վաստակը» նացիստական լեգեոնի հրամատար լինելն է: 2009-ին Ադրբեջանի նախագահի գրադարանի կայքում հրապարակվել է նրա 100-ամյակին նվիրված գիրք, որում նշվում է, որ նրա հայրենիքում` Նախիջևանի Դուդենգի գյուղում, տեղադրվել է հուշատախտակ»,- նշում է Վասկովը և բերում ևս մի ադրբեջանցի ռազմական «գործչի» օրինակը` SS-ի շտանդարտենֆյուրերՄագոմեդ Նաբի օղլի Իսրաֆիլով, որը եղել է Կովկասյան զորամիավորման «Ադրբեջան» ռազմական խմբի հրամանատարը:

«Այստեղից հարց` խոսելով ընդհանուր հիշողության ու ֆաշիստների հետ համագործակցողներին ռեաբիլիտացնելու մասին` Ադրբեջանի նախագահը պատրաստվո՞ւմ է ցուցադրել Ռասուլզադեի ու Ֆաթալիբեյլիի հուշարձանները, այրել ու ոչնչացնել նրանց նվիրված գրքերն ու ֆիլմերը, արգելել հետագայում համապատասխան քարոզչությունը, թե՞ Ալիևը պարզապես օգտվում է պահից հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: Մտադի՞ր է Ալիևը պետական միջոցների հաշվին վերականգնել մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի հուշարձանները, նրանց նվիրված թանգարանները, թե՞ շարունակելու է ոչնչացնել  ընդհանուր հիշողության բոլոր վկայությունները, նաև կեղծել պատմությունը:  Ադրբեջանի նախագահի գործողությունները ցույց են տալիս, որ նա չի պատրաստվում նման քայլեր ձեռնարկել: Իլհամ Ալիևն անձամբ է խրախուսում ֆաշիստների հետ համագործակցածների ռեաբիլիտացիան իր երկրում:

Այս համատեքստում Հայրենական մեծ պատերազմի պատմության նկատմամբ հարգանքի մասին խոսակցություններն արտաքին սպառման ապրանք են, պետության ներսում ամեն ինչ այլ է: Ադրբեջանի ղեկավարության գործողությունների տրամաբանության մեջ է նաև 2009-ին Բաքվի 26 կոմիսարների հուշարձանն ապամոնտաժելու որոշումը: Եթե նայենք Ադրբեջանի պատմության դասագրքերի բովանդակությունը և այն, թե ինչ է դրանցում ասվում ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի ու ռուսների մասին` մշտապես այն համատեքստում, որ մենք զավթիչներ ու շահագործողներն ենք, ամեն ինչ տեղը կընկնի: Հաշվի առնելով վերը նշված փաստերը` կարելի է որոշակի եզրահանգումներ անել: Ադրբեջանը երկիր է, որտեղ ոչ պակաս մասշտաբներով, քան Ուկրաինայում կամ Մերձբալթյան պետություններում, հերոսացնում են ֆաշիստների հանցակիցներին: Ադրբեջանում պետական քաղաքականություն է ռուսական կայսերական և խորհրդային անցյալի հիշողության ոչնչացումը և պատմության կանոնավոր կեղծումը»,- հոդվածը եզրափակում է Մաքսիմ Վասկովը: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: