09/26/2021

Մեկնարկեց ամառային զորակոչը

Մեկնարկեց ամառային զորակոչը

Մինչ համավարակը հետին պլան է մղել բոլոր թեմաները, կյանքը շարունակվում է։ Նաեւ եկել է հայոց զինված ուժերի ամառային թարմացման գործընթացը։ Սյունիքում այն մեկնարկեց մարզկենտրոնից` հուլիսի 2-ին։ Եվ ոչ թե այնպես, ինչպես ավանդաբար առաջին զորակոչը տեղի է ունենում Գարեգին Նժդեհի հուշահամալիրից, այլ զինկոմիսարիատի առջեւի պուրակից։ Այս դեպքում էլ կորոնավիրուսի համավարակը ճշտումներ է մտցրել։ Իսկ զինակոչիկներին առաջին բարեմաղթանքները հղեց Սյունիքի զորակոչման եւ զորահավաքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը։

Փոխգնդապետը մարտի վերջից է ղեկավարում կառույցը, որ այժմ զինկոմիսարիատի փոխարեն կոչվում է Սյունիքի զորակոչային եւ զորահավաքային տարածքային ստորաբաժանում։ Ասում է, որ տասներեք տարեկանից ծանոթ է զինվորական համազգեստին։ Յոթերորդ դասարանից հետո սովորել է Սուվորովի անվան բազմաբնույթ զինվորական ուսումնարանում (այժմ` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան), կրթօջախի առաջին շրջանավարտներից է։ Այնուհետեւ մեկնել է պարտադիր զինվորական ծառայության. դա 1996-ի դեկտեմբերին էր, մի քանի ամիս ծառայելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Բուհն ավարտելուց հետո 11 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում, այնուհետեւ եղել Գավառի, Վայքի զինվորական կոմիսար։ Ի դեպ, ՀՀ զինված ուժերում ծառայելու ժամանակ մարտական առաջադրանք կատարելիս ծանր վիրավորվել է։ Նաեւ արագացված ռազմական դասընթացների է մասնակցել Հունաստանում եւ Ռուսաստանի Դաշնության Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։

Ա. Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ լավ օրից չէ, որ նման պայմաններում են երիտասարդներին բանակ ճանապարհում (առանց տոնախմբության), բայց համավարակն իր երկաթյա ճշտումներն է մտցրել։ «Յուրաքանչյուր հայ ընտանիքի համար ունենալ առողջ զավակ եւ բանակ ճանապարհել երաժշտությամբ ու քեֆ-ուրախությամբ, երեւի դա իրադարձություն է ողջ կյանքում հիշելու համար, բայց նախարարի հրամանով բացառված են բոլոր տեսակի միջոցառումները, հանրահավաքները։ Փառք Աստծո, կորոնավիրուսից բանակը զերծ է մնացել, եւ կարծում եմ, որ ամեն ինչ արվում է, որ վիրուսը այս զորակոչի հետ չթափանցի բանակ»։

Ի դեպ, այս զորակոչին նորամուծություն եւս եղավ, հուլիսի 3-ին անձը հաստատող փաստաթղթով զինակոչիկի ծնողներից մեկը Կապանի զորահավաքային եւ զինակոչային տարածքային ստորաբաժնում հաղորդակից եղավ կենտրոնական հավաքակայանում տեղի ունեցող վիճակահանությանը, որի միջոցով պարզվեց, թե որտեղ է իրենց որդին անցկացնելու զինվորական ծառայությունը, որ զորամասում։ Հաջորդ զորակոչը հուլիսի 12-ին է` Գորիսում։

 

 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2021 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: