01/10/2025

Պաշտոնական Երևանը պետք է արձագանքի Էրդողանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը. Ռուբեն Սաֆրաստյան

Պաշտոնական Երևանը պետք է արձագանքի Էրդողանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը. Ռուբեն Սաֆրաստյան

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որոշման իրականացումն անխուսափելի է: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ արդեն Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, որոշել է՝ նախագահի հրամանը բավարար է որոշումն իրականացնելու համար:

«Կարծում եմ՝ դա մի քանի պատճառ ունի: Առաջին՝ Էրդողանը ցանկանում է իր վարկանիշը դրանով բարձրացնել, այն վերջին շրջանում բավականին ընկել է երկրի ներսում: Այդ քայլով նա ցանկանում է ձեռք բերել իսլամիստ-ծայրահեղական շրջանակների դրական մոտեցումը: Երկրորդը՝ դա մաս է կազմում նրա ծրագրին. 2023թ-ին Թուրքիայի Հանրապետության 100-րդ տարեդարձն է: Նա նախապատրաստվում է: Սկսում է Թուրքիայի Հանրապետության երկրորդ հարյուրամյակը, և այն պետք է լինի ոչ թե Աթաթուրքինը, այլ ՝ էրդողանինը: Նա ցանկանում է հանդես գալ որպես «լավ Թուրքիայի Հանրապետության» հիմնադիր: Նա դրանով հակադրվում է  նաև Աթաթուրքին, որովհետև վերջինի որոշմամբ է 1934 թվականին Սուրբ Սոֆիան դարձել  թանգարան»,- ասաց նա:

Էրդողանի այս որոշմանն արձագանքել է քրիստոնեական աշխարհը: Թուրքիային այդ քայլից հրաժարվելու կոչեր են արել մասնավորապես ԱՄՆ–ը և Ֆրանսիան։ Հայտարարություն է տարածել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Հայաստանը, որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած պետություն, առաջիններից պետք է արձագանքեր:

«Սխալ է չարձագանքելը: Ճիշտ կլինի արձագանքել և ցույց տալ, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն ենք, որ հայազգի Տրդատն է մասնակցություն ունեցել տաճարի վերականգնմանը, որ մենք կարևոր դեր ենք ունեցել Օսմանյան կայսրությունում: Պետք է ցեղասպանության մասին խոսել, մեկ անգամ ևս այդ մասին հիշեցնել աշխարհին»,- ասաց նա:

Անդրադառնալով Պոլսում հայ համայնքից ակնկալվող արձագանքին՝ Ռուբեն Սաֆրաստյանը մատնանշեց ՝պատրիարք Սահակ Մաշալյանը շատ խուսափողական արձագանքեց՝ ասելով, որ կարող են տաճարի մի մասը քրիստոնյաների համար նախատեսել:

«Բավական կոշտ արձագանքեց Պոլսո Հունաց  պատրիարք Բարդուղիմիոսը»,- ասաց նա:

Նա կրկին շեշտեց՝ լավ կլինի, որ պաշտոնական Երևանն արձագանքի Էրդողանի որոշմանը: «Անտարակույս, պետք է նաև արձագանքի Հայ առաքելական եկեղեցին»,- ասաց նա:

Թուրքագետը դժվարացավ ասել, թե ինչու մինչ հիմա հայկական կողմից արձագանքը չկա: «Ինչո՞ւ պետք է չարձագանքենք»,- իր տարակուսանքն արտահայտեց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը համաձայնեց, որ Էրդողանի՝ աշխարհին հայտնի տաճարը մզկիթ դարձնելը նաև աշխարհաքաղաքական դրդապատճառներ ունի:

«Էրդողանը շատ լավ հասկանում էր, որ դա քրիստոնյա աշխարհին դուր չի գա: Բայց  մյուս կողմից էլ հասկանում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ կարող է այնպիսի քայլեր անի, որ իր դաշնակիցներին, օրինակ՝ ԱՄՆ-ին դուր չգա, բայց խնդիր չառաջացնի»,- ասաց նա:

Նա այս համատեքստում  Թուրքիայի նախագահի որոշման պատճառների մեջ մի վարկած էլ առաջ քաշեց: «Կոստանդնուպոլիսը նաև մուսուլմանական կարևոր կենտրոններից է, Մեքքայից, Մեդինայից, Երուսաղեմից հետո ՝և հիմա  գտնվում է թուրքերի մոտ, այլ ոչ թե արաբների: Իսլամական մի շարք ծայրահեղական կազմակերպություններ դա համարում են անարդար և կարծում են, որ պետք է Կոստանդնուպոլիսը  թուրքերից վերցնել և այն դարձնել համամուսուլմանական: Իր որոշումով Էրդողանը բարձրացնում է Թուրքիայի դերը՝ որպես սունիական իսլամական աշխարհի կարևոր կենտրոններից մեկը»,- ասաց նա:

 Սպիտակ տան մամուլի քարտուղարը հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը հրապարակային էր կիրառել՝ խոսելով ԱՄՆ-ում եղած վանդալիզմի մասին:

Ռուբեն Սաֆրաստյանը այս միջադեպը չկապեց Էրդողանի Սուրբ տաճարը մզկիթի վերածելու արդյունքում ԱՄՆ-ում առաջացած դժգոհության հետ, և ոչ էլ կարծեց, թե դա ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետն է:

«Ես հակված եմ կարծելու, որ դա պարզապես պատահականություն էր, որովեհտև ամերիկյան մամուլն էր գրեց, որ դա ամերիկյան քաղաքականությունից չի բխում: Այնպես որ ամերիկյան դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Կարծում եմ՝ դա երիտասարդ մամուլի խոսնակի անփորձության արդյունք էր կամ գուցե իր կողմից է նա որոշել դա անել: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ ամերիկյան վարչակազմը փոխում է իր տեսակետը հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան 

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: