01/09/2025

Սյունիքում շարունակում է չլուծված մնալ բրդի մթերման հարցը

Սյունիքում շարունակում է չլուծված մնալ բրդի մթերման հարցը

Հուլիսի 5-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը, Մեծ Իշխանասար կատարած ուխտագնացության ընթացքում, եղավ Իշխանասարի հարավ-արեւելյան ստորոտում գտնվող խոշոր եւ մանր եղջերավոր անասունների ֆերմաներում, յայլաղներում:

Ակների, Հարթաշենի, Գորիս քաղաքի անասնապահների հետ հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին:

Ցավոտ է հատկապես ոչխարի բրդի մթերման հարցը, որի վկայություններից մեկն էլ Գորիս քաղաքի բնակիչ Համլետ Թոխսանցի տնտեսության օրինակն է:

Համլետ Թոխսանցը կնոջ՝ Հերմինե Մաթեւոսյանի հետ է հեռագնա այդ յայլաղում:

Համլետը եղբոր հետ սեփական 1200 գլուխ ոչխարի եւ 70 գլուխ կովի ամառային խնամքն է իրականացնում այդ արոտավայրում:

Մեր այցելության նախօրեին նրա տնտեսությունում ավարտել էին ոչխարի խուզը:

Սակայն ստացված մոտ 3 տոննա բուրդը ոչ թե ուրախություն է պարգեւել անասնապահական այդ ընտանիքին ու դարձել եկամտի աղբյուր, այլ հերթական անգամ մտահոգության տեղիք է տվել:

- Բուրդն առնող չկա, բուրդը մթերող չկա, կփորձենք ազատագրված տարածքներում իրացնել ապրանքափոխանակությամբ, իսկ եթե չստացվի, ապա ստիպված կլինենք վառել, ինչպես արել ենք նախորդ տարիներին, - ասաց Համլետ Թոխսանցը:

Համլետ Թոխսանցի ուրթում հանդիպեցինք նաեւ ոչխար խուզողների խմբի հետ: Տեղ գյուղից  վեց երիտասարդ (Գրավիկ Իսախանյան, Հրանտ Ավագյան, Արտուր Ավագյան, Արայիկ Ավագյան, Սերյոժա Ղուշունց եւ Սոս Ներկարարանց) այդ կողմերում միասին իրականացնում են ոչխարի խուզը, մեկ ոչխարը՝ 500 դրամով:

Նրանք իրենց գործի բերումով բազմաթիվ օրինակների են ականատես եղել, երբ ոչխարաբույծները կանգնել են բրդի մթերման անլուծելի խնդրի առջեւ: Միայն Գորիսի տարածաշրջանում տարեկան մի քանի տասնյակ տոննա բուրդ է հրկիզվում, որի հետեւանքով ոչխարաբույծները զրկվում են այդ մթերքից ակնկալվող եկամտից:

Հ.Գ.

Մեծ Իշխանասարի յայլաղներում մեր ստեղծագործական խմբին ընկերակցում էր Ակներ գյուղի վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը, ում «Սյունյաց երկրի» անկեղծ երախտագիտությունն ենք փոխանցում:

 

«Սյունյաց երկիր»

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: