01/09/2025

Если Бога нет, всё позволено

Если Бога нет, всё позволено

Ռուս մեծ գրող Ֆյոդոր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» ստեղծագործությունից վերցված այս հայտնի միտքը, կարծում եմ, արդեն հուշում է, թե ինչի մասին կուզենայի արտահայտվել: Այո, խոսելու եմ վերջին օրերին թեժ քննարկման թեմա դարձած «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին: Հայտնի փաստ է, որ հանրակրթության պետական չափորոշչի վերջերս հրապարակված նախագծով նախատեսվում է դադարեցնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը որպես առանձին առարկա՝ այն ինտեգրելով «Հայոց պատմություն» առարկայի կրթական ծրագրում: Արդեն առիթ եմ ունեցել իմ բացասական վերաբերմունքը հայտնել այս գործընթացի նկատմամբ եւ այժմ էլ ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային: Միանգամից ասեմ, որ չեմ պատրաստվում մեկ անգամ եւս ընթերցողին ներկայացնել Հայ Առաքելական եկեղեցու անփոխարինելի դերակատարությունը հայ դպրոցի կայացման գործում: Հայ դպրոցը Հայ Առաքելական եկեղեցու հարազատ զավակն է, եւ դա անժխտելի պատմական փաստ է: Կուզենայի հարցին մոտենալ մեկ այլ տեսանկյունից:

Նախ` ճիշտ չեմ համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հումանիտար բնույթի առարկա համարելը: Իմ համոզմամբ` այն առավելապես բնագիտական բնույթ է կրում: Ինչո՞ւ: Այստեղ մարդուն նախեւառաջ դիտարկելով որպես հոգեւոր էակ՝ նպատակ է դրվում սովորողին ներկայացնել ժամանակակից մարդու կողմից հետեւողականորեն անտեսվող հոգեւոր աշխարհն ու նրանում գործող օրինաչափությունները: Այլ խոսքով ասած՝ ՀԵՊ առարկան մարդու հոգեւոր եւ բարոյական կյանքի «Ֆիզիկան» է կամ «Անատոմիան»: Այստեղ են քննարկվում այնպիսի կարեւորագույն հարցեր, ինչպիսիք են` Աստված, ազգ, ժողովուրդ, մարդ, կյանք, քրիստոնեական բարոյագիտություն, մարդու կյանքի իմաստ, խիղճ, մեղք, առաքինություն, ընտանիք, հայրենիք եւ հայրենասիրություն, սեր,  բանականություն եւ այլն, եւ այլն: Այստեղ է երեխային հիմնավորված ներկայացվում, թե ինչու պետք է լինել առաքինի, եւ ոչ՝ մեղսագործ, ինչու պետք է լինել եղբայրասեր, եւ ոչ՝ նախանձ, ինչու պետք է լինել ժուժկալ, եւ ոչ՝ որկրամոլ, ինչու պետք է լինել համեստ, եւ ոչ՝ ամբարտավան, ինչու պետք է լինել ճշմարտախոս, եւ ոչ՝ ստախոս: Կարեւո՞ր հարցեր են: Անշուշտ՝ շատ: Անհրաժեշտություն կա՞ դրանք քննարկել առանձին առարկայի շրջանակում: Իմ կարծիքով՝ այո: Ինֆորմացիայի այս անզուսպ եւ շատ վտանգավոր հորձանուտում ժամանակակից մարդու եւ, առավել եւս, երեխայի առաջ ծառացել է ինքնաճանաչողության լուրջ խնդիր: Մարդը սկսել է դժվարությամբ տարբերել կեղծիքը ճշմարտությունից, օգտակարը` վնասակարից, ճիշտը` սխալից: Հետեւողականորեն արժեզրկվում են բարոյական եւ հոգեւոր աքսիոմատիկ ճշմարտություններ: Մենք համառորեն չենք ցանկանում ընդունել, որ ցանկացած հասարակության բարոյական եւ հոգեւոր անկումն անխուսափելիորեն հանգեցնում է ֆիզիկական կործանման: Որտե՞ղ են հիմա պատմությանը քաջ հայտնի «հզոր» կայսրությունները, ի՞նչ է ներկայումս կատարվում ԱՄՆ-ում եւ արեւմտյան «քաղաքակիրթ» երկրներում, եւ, վերջապես, որտեղի՞ց  մեր հայ հասարակության մեջ այսքան կեղծիք եւ ատելություն: Ակնհայտ է, որ դպրոցում երեխան չպետք է պարզապես գիտելիք ստանա: Առաջին հերթին երեխան պետք է դաստիարակվի եւ ձեւավորվի որպես առաքինություններ կրող անձ: Եվ այստեղ անփոխարինելի եմ համարում ՀԵՊ առարկայի դերն ու նշանակությունը: Այո, մեզ պետք են լավ ծրագրավորողներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, կենսաբաններ, լեզվաբաններ, պատմաբաններ, բայց ավելի շատ հասարակությունը կարիք ունի բարոյական եւ հոգեւոր ճշմարիտ  արժեքներ կրող անհատների, առավել եւս՝ մտավորականության: Եվ միայն այդ դեպքում կունենանք եղբայրասիրության ոգով ցեմենտված կուռ եւ միաբան հասարակություն եւ ուրեմն՝ հաղթանակած պետություն: Իսկ մերժելով Աստծուն՝ մերժում ենք սերը, բարոյականությունն ու խիղճը, ընտրում դեպի ամենաթողություն եւ քաոս տանող ուղիղ ճանապարհը, որի վերջին հանգրվանն ինքնակործանումն է: Սա անխախտորեն գործող բնական օրենք է: Եվ ուրեմն` լինենք առողջ եւ ողջամիտ:

Աստված պահապան բոլորիս:

Հ.Գ. Ի հավելումն ասվածի` ավելացնեմ նաեւ, որ առաջին քրիստոնյա պետության հանրակրթության պետական չափորոշչում բացակայում է «քրիստոնյա» բառը, նախատեսվում է նաեւ նվազեցնել «Հայոց լեզու, գրականություն» եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներին հատկացվող ժամաքանակները: Կարծում եք պատահականությու՞ն է:

Հ.Գ. Իսկ ժամանակակից «մտավորականությանը» կոչ եմ անում արձագանքել ոչ միայն գույքահարկի բարձրացմանը:

 

 

Խաչատուր Բադալյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: