01/10/2025

Միասնական քննություններն ավարտվեցին

Միասնական քննություններն ավարտվեցին

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` այս տարվա բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվեցին շոգ հուլիսին։

Սյունիքի մարզում ձեւավորվել էր չորս քննական կենտրոն, երկուական` Կապանում եւ Գորիսում, մարզկենտրոնում` N2 ավագ եւ  N6 հիմնական դպրոցներում։ Միասնական քննությունները մեկնարկեցին օտար լեզուներ առարկաներից։ Նախապես նշենք, որ համավարակի տարածման հանգամանքի կարեւորությամբ պայմանավորված` քննություն հանձնողների միջեւ պահպանվում էր սոցիալական հեռավորությունը, նախապես քննական կենտրոնների  ամբողջ տարածքն ախտահանվում էր` ներառյալ անգամ գրիչները։ Ոստիկանությունը եւս քննական կենտրոններում իրականացրել է հսկողություն` ավելորդ կուտակումներից խուսափելու համար։ Քննության յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում էին սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ` դիմակ, ձեռնոց, կատարվում էր դիմորդների եւ կազմակերպիչների ջերմաչափում։

Հենց համավարակով պայմանավորված` միասնական քննությունների ընթացքին կարողացանք հետեւել մարզկենտրոնում տեղակայված երկու  քննական կենտրոններում։ Քննությունների առաջին օրը (օտար լեզուներ) Կապանի 6 հիմնական դպրոցում ձեւավորված քննական կենտրոնում անգլերեն լեզվից քննությանը մասնակցել է 39 դիմորդ, մեկական` գերմաներեն եւ ֆրանսերեն, երեքը` ռուսերենից։

Հուլիսի 4-ին N2 ավագ դպրոցում դիմորդների գիտելիքները ստուգվել են հայոց պատմություն (29 դիմորդ), քիմիա (9 դիմորդ), աշխարհագրություն (5 դիմորդ) առարկաներից։

Ամենածանրաբեռնվածը մաթեմատիկայի քննությունն էր, որ անցկացվեց հուլիսի 6-ին։ Կապանի երկու քննական կենտրոնում քննությանը մասնակցում էր 108 դիմորդ (Սյունիքի մարզում` 312 դիմորդ)։

Ի դեպ, մաթեմատիկայի քննությանը հուլիսի 6-ին մասնակցում էր հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով Սյունիքի մարզի քննական կենտրոններում ծանոթացավ հակահամաճարակային կանոնների պահպանմանը, այնուհետեւ հետաքրքրվեց դիմորդների նախընտրած մանագիտություններով։

Միասնական քննությունների վերջին ակորդը հուլիսի 8-ին էր (անցկացվեց Կապանի N6 հիմնական դպրոցում) հայոց լեզու եւ հայ գրականություն (34 դիմորդ), կենսաբանության (13 դիմորդ) եւ ֆիզիկայից (ոչ մեկը չէր մասնակցում) առարկաներից։

Կորոնավիրուսի հարուցած դժվարություններով պայմանավորված` դիմորդները բուհ ընդունվելու համար քննություն հանձնեցին մեկ առարկայից։

Դիմորդների միասնական քննության գնահատականի բողոքարկումը տեղի կունենա գնահատականը ստանալուց (հրապարակվելուց) հետո։

Իսկ միասնական քննությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան օգոստոսի կեսին։

 

 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: