01/10/2025

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից Տավուշի գնդակոծության մասին

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից Տավուշի գնդակոծության մասին

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ ՄԻՊ-ը նույնատիպ ահազանգեր է ստացել նաև հուլիսի 12-ին՝ ցերեկային ժամերին:
 
«Ըստ Մովսես գյուղի բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերի՝ ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը»,- գրել է Թաթոյանը։
 
Նշված ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական կողմն իրականացնում է Հայաստանի զինված ուժերի դիրքերի հրետակոծում: 
 
«Դրանից բացի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հրատապ հարցմամբ հաստատել է, որ գնդակոծությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ և առկա է այդ բնակավայրերին վնաս պատճառելու իրական վտանգ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պահպանում է նաև անմիջական կապ Հայաստանի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ»,- գրել է Թաթոյանը։
 
Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն և առաջնորդվելով բացառապես իրավապաշտպան սկզբունքներով, խստորեն դատապարտում է գնդակոծությունը ու որ այն էլ իրականացվում է Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ, այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու իրական վտանգով: 
 
«Այս երևույթն առավել ևս դատապարտելի է նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում։
 
Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված փաստերին և տեղեկացնում, որ նախաձեռնել է թիրախային դիտարկում, որի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն ու կուղարկվեն միջազգային կառույցներին»,- գրել է Թաթոյանը։

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: