09/28/2020

Թուրքիան արձագանքել է հայ-ադրբեջանական բախումներին՝ դատապարտելով հայկական կողմի գործողությունները

Թուրքիան արձագանքել է հայ-ադրբեջանական բախումներին՝ դատապարտելով հայկական կողմի գործողությունները

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Անկարան դատապարտել է հայկական կողմի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, թե «Հայաստանը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել տարիներ շարունակ Ադրբեջանի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ապօրինի օկուպացիայից և հակամարտությանը նոր մասշտաբ տալով արգելակել հիմնախնդրի քաղաքական լուծումը»։

«Հայկական կողմը պետք է հրաժարվի նմանօրինակ վտանգավոր մարտավարությունից և ընտրի ողջամտության և իրավական ճանապարհը։ Սեփական կարողությունները գերազանցող նպատակների համար արկածախնդրության դիմելը ի ցույց է դնում Հայաստանի՝ դատողություն անելու անկարողությունը և հանդիսանում է ամենամեծ խոչընդոտը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», - ասված է հայտարարությունում:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հույս է հայտնել, թե միջազգային հանրությունը անընդունելի կհամարի «սեփական ագրեսիան կոծկելու Հայաստանի ջանքերը»:

«Թուրքիան շարունակելու է իր ողջ կարողությամբ լինել Ադրբեջանի կողքին տարածքային ամբողջականության պահպանման համար պայքարում», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է երեկ կեսօրից հետո, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: