09/28/2020

Այս արկածախնդրությունն Ադրբեջանի համար ունենալու է անդառնալի հետևանքներ. ՀՀ ԱԺ պատգամավոր

Այս արկածախնդրությունն Ադրբեջանի համար ունենալու է անդառնալի հետևանքներ. ՀՀ ԱԺ պատգամավոր

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը նկատում է, որ փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հուլիսի 12-ին ստացած ապտակից դասեր չի քաղել, ինչի պատասխանը լինելու է շատ ցավոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կարապետյանն  այս մասին ասաց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով  ԱԺ հատուկ նիստում իր ելույթում՝ հիշեցնելով, որ ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են նաև Չինարի գյուղը: 

«Փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա՝ հուլիսի 12-ի ստացած ապտակից դասեր չի քաղել: Դե ինչ ընտրությունն իրենցն է, պատասխանը լինելու է շատ ցավոտ»,-ասաց     Կարապետյանը: 

Նա նշեց, որ երեկ՝ հուլիսի 12-ին ամբողջ օրը ՀՀ Զինված ուժերը ձեռնպահ մնացին խաղաղ բնակչության, բնավակայրերի ուղղությամբ որևէ արկ արձակելուց: Կրակը ամբողջությամբ ուղղորդված է եղել ինժեներական կառույցների և ռազմատեխնիկայի ուղղությամբ: «Ցավոք, մենք ստիպված ենք լինելու պատասխանել, պատասխանել շատ ցավոտ: Ադրբեջանը առաջնագծում կիրառում է հարվածային անօդաչուներ, տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացում մեր դիրքերի ուղղությամբ, քիչ առաջ թիրախավորեց նաև Չինարի գյուղը: Բարեբախտաբար զոհեր, վիրավորներ չկան, կա վնասված տանիք: Հետևաբար մենք ստիպված ենք լինելու ցավոտ պատասխանել»,-ասաց պատգամավորը:

Կարապետյանը հիշեցրեց, որ հայկական կողմը 2 տարի անընդհատ կրկնում է, որ Արցախյան հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է, խաղաղություն սիրող ժողովուրդ ենք, պատրաստ՝ նստել, խոսել-բանակցելու: «Բայց միևնույն ժամանակ մենք 2 տարի ասում ենք, որ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի: Հայկական բանակը 2 տարում մեղմ ասած բավականին փոխվել է: Մենք ունակ ենք խոցելու Ադրբեջանի տարածքում ցանկացած թիրախ, ռազմավարական նշանակության ցանկացած օբյեկտ: ՀՀ-ի ղեկավարությունը վայրկյան անգամ չի կասկածելու և վայրկյան անգամ չի մտածելու ՀՀ-ի և Արցախի սուվերենության համար՝ տալու հրաման՝ ոչնչացնելու ցանկացած թիրախ: Այս արկածախնդրությունն Ադրբեջանի համար ունենալու է անդառնալի հետևանքներ: 94-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու: Կոչ եմ անում համակերպվեք այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են»,-եզրափակեց պատգամավորը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: