ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Կապանում եւ Մեղրիում որոշ հիվանդությունների տարածվածությունն ու աճը սպառնալից չափերի են հասնում

Տարիներ շարունակ Սյունիքի մարզի այս հատվածում իրականացվող բնապահպանական անգրագետ քաղաքականությունն արդեն իսկ արձանագրում է վտանգավոր հետեւանքներ մարդկանց առողջության համար

Հիմա այնքան շատ է խոսվում Սյունիքի մարզի բնապահպանության ոլորտում տիրող խայտառակ վիճակի մասին ու այնքան ակնհայտ է երեւում պատկան մարմինների, տնտեսվարող սուբյեկտների անտարբերությունն այդ մարտահրավերի հանդեպ, որ թեման, կարծեք, սովորական է դարձել ու ծամծմված: Վերջին ամիսներին, սակայն, եղան հետազոտություններ ու հրապարակային ելույթներ՝ փաստերով համեմված, որոնք հավելյալ անգամ վկայում են այդ քաղաքականության՝ մարդկանց կյանքի եւ առողջության վրա ունեցած բացասական ազդեցության մասին: Խոսքն այն մասին է, որ մարզի որոշ շրջաններում առանձին հիվանդություններ դառնում են գերիշխող եւ արձանագրում հանրապետության միջինից բարձր նիշ, ինչը բազմաթիվ մասնագետներ մեծամասամբ համարում են բնապահպանության ոլորտում տարիներ շարունակ իրականացվող անխոհեմ ու վնասակար քաղաքականության հետեւանք:

Որոնք են փաստերն ու իրողությունները, որ մտահոգության նոր ալիք են բարձրացել:

Կապանում, ըստ պաշտոնական վիճակագրության, շարունակում է աճել մի քանի հիվանդությունների տարածվածությունը՝ սիրտ-անոթային անբավարարություն (վերջին երեք տարում մոտ երեք անգամ ավելացել են առաջնային հիվանդները), օնկոլոգիական եւ էնդոկրին (ներզատական):

Կապանում նկատելի է հաշմանդամների թվի արագ աճ (եթե, իհարկե, այդ երեւույթն արհեստականորեն ուռճացված չէ համապատասխան հանձնաժողովի կողմից). պաշտոնական տվյալներով մարզկենտրոնի բնակչության մոտ 10%-ը հաշմանդամ է (նման ցուցանիշ հանրապետության ոչ մի համայնքում չկա):

Ակնհայտ նահանջ կա ծնելիության հարցում՝ 2008թ.՝ 523 (9.2 պրոմիլե), 2009թ.՝ 522 (9.2 պրոմիլե), 2010թ.՝ 485 (8.3 պրոմիլե), 2011թ.՝ 441 (8.3 պրոմիլե ), 2012-ի առաջին կիսամյակում՝ 246: Նշված ցուցանիշները վկայում են, որ ծնելիության մակարդակը Կապանում զգալիորեն ցածր է մարզի միջինից (11.5 պրոմիլե): Այդ ոլորտում վերջին տարիներին ի հայտ է եկել նոր երեւույթ` կանանց մի մասը գերադասում է ծննդաբերել ոչ Կապանում, ինչը քննության այլ թեմա է:

Այնուհետեւ՝ մարզի միջինից բարձր է Կապանի բնակչության աճի տեմպերի անկման ցուցանիշը:

Մտահոգությունները ոչ պակաս են Մեղրիում: Ահա թե ինչ են ասում այդ մասին Մեղրու ներկա եւ նախկին քաղաքապետերը:

Արշավիր Հովհաննիսյան, Մեղրու քաղաքապետ. "Հիսուն տարեկանն անց մեղրեցի տղամարդուն տարեք Երեւան եւ համեմատեք այնտեղ բնակվող նույն տարիքի տղամարդու հետ: Թեկուզեւ արտաքին տեսքից դուք ահռելի տարբերություն կտեսնեք՝ ի վնաս մեղրեցի տղամարդու: Այսինքը՝ Մեղրիում մարդկանց կյանքի եւ առողջության հետ ինչ-որ բան է կատարվում, որի մասին, իսկապես, բոլորս լռում ենք: …Պետք է ուսումնասիրել այդ երեւույթը, վեր հանել պատճառները":

Սերգեյ Հայրապետյան, Մեղրու նախկին քաղաքապետ. "Բնապահպանական լուրջ հետազոտությունների կարիք ունի Մեղրին, այն է՝ ի՞նչ ազդեցություններ է կրում բնակավայրը, ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն Մեղրիում, որոնք կնպաստեն այդ ազդեցությունների մեղմացմանը: Հավաստի տվյալներով տարածաշրջանում առավել տարածված են օնկոլոգիական հիվանդությունները, որոնք իրենց տարածվածության աստիճանով հանրապետական միջին ցուցանիշից բարձր են: Հաջորդ տեղերում են սիրտ-անոթային եւ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունները: Բանն այն է, որ նախկինում առողջապահության ոլորտում կանխարգելիչ միջոցներ էին իրականացվում, այժմ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է հիվանդը դիմում բժշկի՝ ֆինանսական խնդիրներից ելնելով: Մյուս կողմից՝ այսօր Մեղրու առողջապահական համակարգը նեղ մասնագետ բժիշկների կարիք ունի, նրանց բացակայության պատճառով է նաեւ ստեղծվել հիվանդությունների նման տխուր պատկերը: Գիտեմ, որ ծերացածությունն էլ Մեղրիում բարձր տոկոս ունի":

Ե՛վ գործող, ե՛ւ նախկին քաղաքապետերը գրեթե նույն կերպ են մտածում Մեղրու հիվանդանոցի՝ այլեւս չօգտագործվող շենքի մասին, որի ճակատագիրը շարունակում են քննարկել մեղրեցիները:

Արշավիր Հովհաննիսյան. "…Մինչեւ հիմա մեղրեցիներին չեն համոզել, թե ինչու վերցրին հիվանդանոցի շատ լավ ու հարմար շենքը: Տարեց մեղրեցիները պատմում են, որ այդ հիվանդանոցի տեղն էլ հատուկ էր ընտրված, որ, իբր, գլխացավ ունեցող մարդն այնտեղ մի երկու ժամ նստելուց հետո ազատվում է ցավից: Հիմա այդ շենքի ճակատագիրն անհայտ է… Նախ, եթե կարելի է, պետք է նախկին հիվանդանոցը վերականգնել, դա բոլոր մեղրեցիների ցանկությունն է, իսկ եթե հնարավոր չէ, ապա պետք է այդ շենքը տալ համայնքին՝ երիտասարդ ընտանիքների համար բնակարան դարձնելու նպատակով":

Սերգեյ Հայրապետյան. "…Քննարկել ենք հիվանդանոցի նախկին շենքի ճակատագիրը, այն կտրամադրվի համայնքին եւ վերակառուցումից հետո՝ որպես բնակարան, կհատկացնենք անապահով ընտանիքներին":

Խոսակցության մեկ այլ թեմա է Քաջարան քաղաքը: Խնդրո առարկային վերաբերող մեկ հարցով դրվատանքի խոսք պետք է ասել Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի մասին, ում նախաձեռնությամբ դեռեւս 2008թ. կատարվեց Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի վիճակի էկոլոգաերկրաքիմիական գնահատում: Արդյունքներն արտացոլող գրքույկում բավականին մտահոգիչ արձանագրումներ կային: Ժամանակին, որքանով հիշում ենք, ամբողջ հանրապետությունում մեծ արձագանք էր գտել քաղաքի եւ մերձակա գյուղերի երեխաների մազերում ծանր մետաղների առկայության մասին տեղեկատվությունը (այդ գրքույկում տեղ գտած): Իհարկե, այսօր նպատակ չունենք կրկին խոսել այդ հետազոտության մտահոգիչ արդյունքների մասին, որոնք ռեալ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար: Պարզապես ուզում ենք հիշեցնել, որ իրավիճակի գնահատումից բխող առաջարկությունները, թեեւ չորս տարի է անցել այդ ժամանակվանից, մնացել են թղթի վրա: Շատ ցանկալի է, որ քաղաքապետ Վարդան Գեւորգյանը հանրությանը տեղեկացներ, թե առաջարկված միջոցառումներից ո՞րն է իրագործվել, ո՞րը՝ ոչ: Այլապես ստացվում է, որ թանկարժեք այդ հետազոտությունն ինքնանպատակ է եղել ու ձեւական:

Որո՞նք են Կապանի եւ Մեղրու շրջաններում ստեղծված վիճակի պատճառները: Դժվար է, անշուշտ, այդ հարցին գիտականորեն հիմնավորված պատասխան տալ, բայց մասնագետների զգալի մասը գտնում է, որ այդ ամենը նախեւառաջ բնապահպանության ոլորտում շարունակվող շեղումների հետեւանք է, մանավանդ որ դրանից դասեր չենք քաղում:

Ստեղծված վիճակն առնվազն երկու խնդիր է առաջադրում: Նախ՝ առողջապահության նախարարությունը կամ Սյունիքի մարզպետարանի առողջապահության վարչությունը գոնե ուշացումով պետք է մարզի հանրությանը բացատրություն տան, թե հիվանդությունների ինչ պատկեր գոյություն ունի Սյունիքում, որոնք են գերիշխող հիվանդությունները, որ հիվանդություններն են (եւ որքանով) աճում ու զարգանում: Երկրորդ, պետք է մասնագիտական պատասխան տալ հարցին, թե որոնք են նշված հիվանդությունների տարածվածության եւ աճի պատճառները: Այլապես կստացվի, որ մենք ոչ միայն բնապահպանական անգրագետ քաղաքականություն ենք վարում, այլ կույր ենք ու ցինիկ եւ չենք պատկերացնում բնակչության հանդեպ մեր պատասխանատվության աստիճանը: Ճիշտն ասած հիմնավոր կասկած ունենք՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարները հասկանո՞ւմ են իրենց բացթողումներն այդ ոլորտում կամ պատկերացնո՞ւմ են, թե ինչ են անում մարզի բնակչության առողջության հետ: Անձամբ իրենք եւ իրենց մերձավորներն ու սպասավորները շատ լավ էլ մտածում են սեփական կյանքի ու առողջության մասին՝ տարվա զգալի մասը դրսերում լինելով, տարեկան մի քանի անգամ աշխարհի լավագույն առողջարաններում թրեւ գալով, մայրաքաղաքում եւ երկրից դուրս բնակարաններ ձեռք բերելով: Մի մասն էլ օտարերկրացի է եւ այստեղ է եկել խոպանչու հոգեբանությամբ: Այնպես որ՝ մարզի բնակչությունն իր առողջության մասին պետք է մտածի առանց այդ մարդկանց՝ հասկանալով, որ նրանք այլեւս սովորական հովեկ են, որ նրանց համար մարզը սովորական արոտավայր է, որ նրանք ժամանակավոր են եւ մարզի բնակչության ու նրանց շահերը չեն կարող նույնը լինել, առողջապահության ոլորտում՝ հատկապես: Դիպուկ էր ասել մեր նշանավոր մտավորականներից մեկը՝ "Հանք հանողները հայրենիքի հավերժությանը չեն հավատում, նրանք հայրենիք չունեն": Այնպես որ՝ Սյունիքը պետք է մտածի իր մասին ՝ առանց բիրդան աղաների ու խոպանչիների, առանց ասպատակների` ընտրությունից ընտրություն հանրության աչքին երեւացող ու հանրային միջոցառումներում մայմունություն անող:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]