ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ
Անկում, անկում մինչեւ վերջ...

Ինչպես տեղեկացրել ենք "Սյունյաց երկրի" 2012թ. նոյեմբերի 14-ի (N28) համարում՝ "Վանդալները պղծել են Ույծ գյուղի Անապատի եկեղեցին" վերտառությամբ հոդվածում, մի քանի սրբապիղծ գոյություն քանդել են Սիսիանի շրջանի Ույծ գյուղի տարածքում գտնվող Անապատի եկեղեցու գավթի հատակը եւ բակը:

2012թ. հունիսի 23-ին, ժամը 08.00-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ Մանվել Թեւանյանը Սիսիանում պատահաբար հանդիպել է քննությամբ ինքնությունը չպարզված երեք անձանց եւ տեղեկանալով, որ նրանց մոտ կա թանկարժեք մետաղներ որոնող սարք, առաջարկել է գնալ "Անապատ" գյուղատեղիի տարածք՝ ոսկի փնտրելու: Համաձայնություն ձեռք բերելուց հետո նա զանգահարել է Սիսիան քաղաքի բնակիչ, էքսկավատորավար Բագրատ Բաբաջանյանին եւ նրան կանչել նշված տարածք, թաքցրել իր իրական մտադրությունը, եւ առաջարկել էքսկավատորով փոս փորել այդ տարածքում: Վերջինս փոսը փորել է, որի հետեւանքով վնասվել է եկեղեցու մուտքի հյուսիսային պատի եզրը...

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. հոկտեմբերի 30-ի դատական վճռում հենց այդպես էլ արձանագրված է Ույծի եկեղեցու պղծման պատմությունը:

Արագացված կարգով դատական քննության արդյունքում դատարանը Մանվել Թեւանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ պատժել 200 հազար ՀՀ դրամի չափով տուգանքով: Դատարանը մեղմ պատժաչափը նշանակելիս հաշվի է առել Մանվել Թեւանյանի ծառայությունները. նա 1989թ. կամավոր անդամագրվել է Սիսիանի ինքնապաշտպանական ջոկատին, մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին եւ արժանացել բազմաթիվ պարգեւների:

Ահա այսքանը: Անկեղծ ասած` մեզ չի հետաքրքրում, թե ինչու է Մանվելն արժանացել նման մեղմ պատժի (դա նորմալ է), թեեւ որոշ փոքրություններ հենց այդ էպիզոդն էին ուզում համարել մեր հրապարակման մղումը (իրենց արշինով են աշխարհը չափում): Մանվելի գործում, ում ճանաչում ենք վաղուց, այլ հարց է մեզ հետաքրքրում՝ ինչպե՞ս կարող էր թուրքի դեմ անձնվիրաբար կռված եւ բազմիցս (արդարացիորեն) գնահատանքի արժանացած ազատամարտիկը ձեռք բարձրացնել քրիստոնեական սրբավայրի վրա, չէ՞ որ թուրքի դեմ կռվի էինք ելել, քանի որ թուրքն էլ էր ուզում պղծել մեր սրբությունները: Բայց դա բարոյական հարց է եւ պետք է քննարկել այլ թեմայի համատեքստում:

Մեզ հիմա հետաքրքրում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանի պահվածքը: Նա, ինչպես երեւում է, ջանք չի թափել պարզելու ճշմարտությունը կամ փորձել է կոծկել իրականությունը, որը նրան չի հաջողվել: Տեսեք, թե ինչ է գրում պարոն դատավորը. "Մանվել Թեւանյանը Սիսիանում պատահաբար հանդիպել է քննությամբ ինքնությունը չպարզված անձանց եւ տեղեկանալով, որ նրանց մոտ կա թանկարժեք մետաղներ որոնող սարք, առաջարկել է գնալ՝ … ոսկի փնտրելու": Կամ՝ էքսկավատորավար Բագրատ Բաբաջանյանն էքսկավատորով քանդել է եկեղեցու պատն ու մերձակայքը, բայց չի իմացել, թե ինչ է անում:

Ուզում ենք հարցնել Լեռնիկ Աթանյանին՝ պարոն դատավոր, գոնե Դուք հավատո՞ւմ եք Ձեր գրածին:

Լավ, փորձենք մի պահ հավատալ Լեռնիկ Աթանյանին. Մանվելն առավոտյան ժամը 08.00-ին Սիսիանում պատահաբար հանդիպել է երեք մարդու (որոնց չէր ճանաչում եւ հետո էլ չի ճանաչել), ովքեր պատահաբար այդ օրն ու այդ ժամին գտնվում էին Սիսիանում եւ ովքեր պատահաբար ունեին թանկարժեք մետաղներ որոնող սարք ու պատահաբար համաձայնեցին արված առաջարկությանը եւ գնացին Ույծի հին գյուղատեղիում ոսկի որոնելու:

Բա դատավորին (գոնե ձեւականորեն) չհետաքրքրե՞ց, թե ովքեր էին այդ երեք հոգին (իբր ինքնությունը չպարզված) եւ ինչո՞ւ էին այդ օրն ու այդ ժամին հայտնվել Սիսիանում: Բա դատավորին չհետաքրքրե՞ց, թե ո՞ւմն էր եւ որտե՞ղ է թանկարժեք մետաղներ որոնող սարքը (գուցե հիմա՞ էլ են այդ սարքով մարզում գանձագողություն կատարում): Բա դատավորին չհետաքրքրե՞ց Բագրատ էքսկավատորավարի առողջական վիճակը. ինչպե՞ս կարող է մարդը Սիսիանից իր էքսկավատորը վերցնել ու թխկըր-թխկըր հասնել Ույծի հին գյուղատեղի, եկեղեցի քանդել ու չիմանալ, թե ինչ է անում: …Գոնե պատվոգիր տայիք այդ մարդուն (այդքան նեղություն է քաշել):

Հանուն ճշմարտության ասենք, որ այս գործի իրական պատմության կոծկումը սկսել է Սիսիանի քննչական բաժանմունքը (քրեական գործը հարուցվել է 2012թ. հուլիսի 10-ին): Գործով քննիչ Նարեկ Աբգարյանը մինչեւ ս.թ. հոկտեմբերի 10-ը (երեք ամսվա ընթացքում) այդպես էլ չի կարողացել (?) պարզել տեղի ունեցածը եւ գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես կանխատեսել էինք մեր՝ թեմային առնչվող նախորդ հրապարակման մեջ, ե՛ւ քննիչ Նարեկ Աբգարյանը, ե՛ւ գործի քննությունն ու դատավարական ընթացքը վերահսկող դատախազ Սեւակ Նազարպուրն այդպես էլ չեն եղել դեպքի վայրում, այլապես նման աղավաղումներով չէին բնութագրի տեղանքին հասցված վնասը: Ե՛ւ քննիչ Նարեկ Աբգարյանը, ե՛ւ դատախազ Սեւակ Նազարպուրը չնկատելու են տվել իրողությունը, որ այնտեղ ավելի վաղ եւս նման երկու փոս է քանդվել:

Այս պարագայում մեզ շատ է հետաքրքրում դատախազ Սեւակ Նազարպուրի անձը: Ո՞վ է պետության անունից հանդես եկող այդ անձը՝ առյուծի լեղի կերած, որ սեփական հայեցողությամբ կամ վերադաս դատախազի հանձնարարությամբ այդպիսի անբարեխիղճ պահվածք է դրսեւորել:

Իսկ Լեռնիկ Աթանյանին շնորհավորում ենք. նա կարողացավ եւս մեկ աստիճանով իջեցնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հանդեպ հանրության վստահության նիշը: Նա կարողացավ նաեւ քաջալերանքի "մեսիջ" հղել բոլոր նրանց, ովքեր Սյունիքի մարզում զբաղվել եւ զբաղվում են գանձագողությամբ ու քրիստոնեական սրբավայրերի պղծմամբ:

Ե՛ւ քննիչը, ե՛ւ դատախազը, ե՛ւ դատավորը, այդ բոլորով հանդերձ, չեն պատասխանել բուն քրեական գործով առաջադրված գլխավոր հարցին՝ մարդիկ, ի վերջո, ոսկի գտա՞ն, թե՞ ոչ: Չէ՞ որ նրանք այդ վայրն ընտրել էին ոչ պատահաբար եւ հատուկ սարքավորման միջոցով (թե չէ ուրիշ տեղ կարող էին քանդել) եւ նրանք, ինչպես նշված է գործում, ոսկի էին որոնում, այլ ոչ թե հավեսի համար փոս փորում եկեղեցում: Այս կապակցությամբ կուզենայինք լսել խնդրո առարկա հարցում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող Սեւակ Նազարպուր դատախազին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ Սիսիանից նոր ահազանգ ստացանք. այնտեղ պղծվել է եւս մեկ քրիստոնեական սրբավայր: Մեր ստեղծագործական խումբը կձգտի առաջիկայում լինել այնտեղ եւ ստուգել ստացված տեղեկատվության իսկությունը, ինչի մասին տեղյակ կպահենք ընթերցողին:

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]