ՏԵՐ ՈՂՈՐՄՅԱ
Որտե՞ղ է Կապանի պետթատրոնի տնօրենը. հավասարում մեկ անհայտով

Արդեն չորս ամիս է, ինչ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը չի հաճախում աշխատանքի:

Մեր ունեցած տեղեկություններով նա անձնական բնույթի խնդիրներ ունի եւ թաքնվում է: Այդ իրողության բացատրությունը փորձեցինք պարզել Կամո Արզումանյանից, սակայն նրա բջջայինն անհասանելի էր: Աշխատակիցներից մեկն ասաց, որ տնօրենն առողջական խնդիրներ ունի եւ բուժվում է: Իսկ երբ զանգահարեցինք պետթատրոն, հաշվապահն ասաց, որ Կամո Արզումանյանն այսօր եկել է աշխատանքի եւ իր աշխատասենյակում է, տվեց աշխատասենյակի հեռախոսահամարը, որը, սակայն, գոյություն չունեցող համար է: Այնուհետեւ հաշվապահը հորդորեց, որ կրկին զանգահարեմ ու անջատեց հեռախոսը:

Այն, որ Կապանի թատրոնի տնօրենն անձնական բնույթի խնդիրներ ունի, հանրությանը բնավ չի հետաքրքրում, սակայն պետք է նկատել, որ թատրոնի տնօրենը, որպես հանրային ու պաշտոնատար անձ, իրավունք չունի իր անձնական խնդիրներով թատրոնի աշխատանքն ամիսներով կազմալուծել, ինչ-ինչ ռազբորկաների պատճառով նսեմացնել թատրոնի եւ դերասանների դերը հասարակության մեջ: Իրավունք չունի, ասենք, չորս ամիս բացակայել աշխատանքից, իրավունք չունի թատրոնը վերածել սեփական խնջույքների համար տաքուկ անկյունի: Բայց գլխավոր հարցն, այնուամենայնիվ, այն չէ, թե ուր է կամ էր այս չորս ամսվա ընթացքում Կամո Արզումանյանը, այլ այն, որ մարզային ենթակայության ՊՈԱԿ-ի տնօրենի չորսամսյա բացակայությունը չեն նկատում ու նրան պատասխանատվության չեն կանչում մարզպետարանի համապատասխան բաժնի կամ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուները: Ավելին, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի պետ Սարգիս Դավթյանը հերքեց փաստը, թե Կամո Արզումանյանը չորս ամիս աշխատանքի չի ներկայացել, ասելով. "Չէ, չորս ամիս չէ, կարծեմ միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին չի ներկայացել աշխատանքի` առողջական խնդիրների պատճառով" (Ա՜յ քեզ արդարացում):

Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկականը ժամանակին Հայաստանի հայտնի թատրոններից մեկն է եղել: Այդտեղ են աշխատել հանրապետության ճանաչված շատ դերասաններ, այժմ էլ աշխատում են սիրված դերասաններ, իրենց թատերական առաջին քայլերն են անում բազմաթիվ երիտասարդ կադրեր: Բայց հիմա ամեն ինչ այլ է, թատրոնի աշխատակազմի անդամներն իրենց ընտանիքը պահում են նվազագույն աշխատավարձով եւ շատ դեպքերում համատեղության կարգով այլ աշխատանք կատարում: Իսկ տոմսերի վաճառքից ստացված գումարը վերածվում է թվացյալ հյուրախաղերի համար ծախսված գումարների եւ անէանում...

ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]