Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 16-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացվեց "Տարվա լավագույն համայնք-2012" մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻ ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Փոխվարչապետը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց ` ի նպաստ սեփական համայնքների բարեկեցության: Նա առանձնահատուկ ընդգծեց արդյունավետ գործող ՏԻ մարմինների դերը համայնքների զարգացման գործում:
Մրցանակաբաշխությունն անցկացվեց հինգ անվանակարգով: 2012թ. լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, լավագույն գյուղական համայնք` Շիրակի մարզի Արեւշատ համայնքը: "Մաքուր համայնք" անվանակարգում մրցանակի արժանացավ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը, "Մշակութային լավագույն քաղաքային համայնք" անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի քաղաքը: Լավագույն կանաչապատ համայնք ճանաչվեց Երեւանը:
"Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ "Հայաստանի համայնքների միության" կողմից եւ կազմակերպվում է 2006 թվականից:
Մրցանակաբաշխության նպատակն է գնահատել տարվա ընթացքում արդյունավետ աշխատած ՏԻՄ-երի գործունեությունը եւ խրախուսել հաջողություններ արձանագրած համայնքներին:
"Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին, 10 նոյեմբերի 2012թ.