Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք Կապանում իրականացվող շինարարական-ասֆալտապատման աշխատանքների մասին: Այս անգամ ճանապարհաշինական հերթական հասցեն մեզ Սիսիան տարավ:
Ուղիղ երկու տարի առաջ Համաշխարհային բանկի վարկավորմամբ հիմնանորոգվեց Սիսիանից մինչեւ Աղիտու ընկած ճանապարհահատվածը` 4680մ երկարությամբ, այդպիսով դյուրին դարձնելով ոչ միայն գյուղական այդ համայնքը, այլեւ տարածաշրջանի զինվորական հոսպիտալ հասնելը (այդ մասին մեր թերթը գրել է "Հիմնանորոգվել է Սիսիան-Աղիտու ավտոճանապարհը", "Սյունյաց երկիր", 28 դեկտեմբերի 2010թ., N22): Հրապարակման վերջում գրված էր. "Ենթաշրջանի գյուղացիները հույս են փայփայում, որ Աղիտուից մինչեւ Շամբ եւ մինչեւ Լեռնաշեն ճանապարհները նույնպես կհիմնանորոգվեն, որովհետեւ դրանք այսօր էլ դժվարանցանելի են, ինչը լրջորեն անդրադարձ է ունենում ենթաշրջանի զարգացման վրա":
Ինչպես երեւում է, գյուղաբնակների ակնկալիքներն աստիճանաբար իրականանում են, համենայնդեպս, Սիսիանի երեք կազմակերպություն` "Սերպանտին", "Սիսիանի ճանշին" եւ "Սիսիանի ԲՈՒԱՏ" ՍՊ ընկերություններն իրականացրել են 9.6կմ հիմնանորոգում` Աղիտուի հոսպիտալից մինչեւ Շամբ գյուղի խաչմերուկ ընկած հատվածը: Այս անգամ շինաշխատանքներն իրականացվել են պետբյուջեի միջոցներով:
"Սերպանտին" ՍՊ ընկերության փոխտնօրեն Սողոմոն Խաչատրյանը "Սյունյաց երկրին" փոխանցեց, որ 261.3 մլն նախագծային արժեքով շինաշխատանքները մեկնարկել են օգոստոսի 5-ին եւ ավարտվել հոկտեմբերի 30-ին: Մեր զրուցակիցը նաեւ նկատառում հայտնեց այն առումով, որ շինաշխատանքների համար հայտարարվող մրցույթները նպատակահարմար է ավելի վաղ կայացնել, որ աշխատանքները մեկնարկեն գարնանը եւ ավարտվեն ամռանը: Աշնանային տեղումները երբեմն խոչընդոտում են ասֆալտապատմանը: Շինարարների առջեւ որոշ դժվարություններ են հարուցել նաեւ ջրագծերն ու ճանապարհների երկայնքով ձգվող մալուխները:
"Սիսիանի ԲՈՒԱՏ" ՍՊ ընկերությանը (այս կազմակերպությունը զբաղվում է նաեւ բեռնափոխադրումներով եւ շինաքարի մշակմամբ) բաժին է հասել 2950մ ճանապարհահատվածի հիմնանորոգում (նախագծային արժեքը` 263մլն դրամ): Ճանապարհաշինարարներն այստեղ հանդիպել են սողանքային գոտու, որի չեզոքացումը նախատեսված չէր նախագծով: Ընկերության տնօրեն Արմեն Անդրեասյանի փոխանցմամբ` նախագծով նախատեսված չէր նաեւ հենապատերի կառուցումը, անվտանգության որոշ տարրեր անտեսված էին: Հողային որոշ աշխատանքներ էլ կատարվել են ճանապարհաշինարարների գրպանի հաշվին:Նա նաեւ հայտնեց, որ պատրաստ է Շամբի խաչմերուկից մինչեւ գյուղում գործող պահածոների գործարան ընկած հատվածի հիմնանորոգման նախագիծը, այն կիրականացնի մրցույթում հաղթող դարձած շինկազմակերպությունը:
"Ճանապարհաշինության հարցում մանրուքներ չեն լինում, նախագծողներն ամեն ինչ պիտի հաշվի առնեին, մանավանդ ջրահեռացման խնդրին պիտի ճիշտ լուծում տրվեր, որ ճանապարհը երկար ծառայի ժողովրդին", - ասում է շինաշխատանքներն իրականացնող աշխղեկ Համլետ Աթայանը, ով նաեւ հայտնում է, որ առաջին երեք տարում ճանապարհի սպասարկումն իրականացնում են կառուցողները:
Փորձառու ճանապարհաշինարարը նաեւ հորդորեց վարորդներին բարձր արագությամբ չսլանալ հիմնանորոգված ճանապարհներով, քանզի շատ են կտրուկ շրջադարձերը, վերելքներն ու վայրէջքները, այնպես չստացվի, որ ամեն շրջադարձի մի հուշաքար հայտնվի:
"Սիսիանի ճանշին" ՍՊ ընկերությունն աշխատանքը սկսել է Աղիտուի զինվորական հոսպիտալից (ճանապարհահատվածի երկարությունը` 3.4կմ, նախագծային արժեքը` 256 մլն դրամ): Ինչպես փոխանցեց ընկերության տնօրեն Հրաչ Գաբրիելյանը` Աղիտուի որոշ կոմունիկացիաներ ինչ-ինչ դժվարություններ են ստեղծել, բայց ոչ այնքան, որ չկարողանային նախանշված ժամկետում ավարտել հիմնանորոգումը: "Դժվարություններ լինում են, եթե չլինեն, շատերը ճանապարհաշինությամբ կզբաղվեին", - փորձում է իրենց կատարածը կարեւորել ճանապարհաշինարարը:
Նոյեմբերի 6-ին աշխատանքային հանձնաժողովը եղել է հիմնանորոգված ճանապարհահատվածում, ստուգել կատարվածի որակը, իսկ նոյեմբերի 20-ին` պետական հանձնաժողովը:
Իսկ ենթաշրջանի համար սոցիալական այդ կարեւոր խնդիրը վերջնականապես լուծում կստանա, եթե հիմնանորոգված ճանապարհ ունենան մի ուղղության վրա գտնվող Դարբաս-Լոր-Գետաթաղ-Լեռնաշեն գյուղերը: Գործի բերումով մի քանի անգամ երթեւեկել ենք այդ ուղղությամբ եւ զգացել դժվարանցանելի ճանապարհի ողջ ահավորությունը:
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ