ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՄԱՐԻՆ
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ. "Կարեւորը ոչ թե եղածը պահպանելն է, այլ զարգացնելը"

"Լավագույն համայնք-2012" մրցանակաբաշխության շրջանակում Ագարակը հանրապետությունում ճանաչվել է լավագույն քաղաքային համայնք: Ագարակ մեր այցելության օրը (նոյեմբերի 13) զուգադիպել էր քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի անդրանիկ օրվան: Երկու իրադարձության առթիվ շնորհավորելով համայնքապետին, զրույցի հրավիրեցինք:

– Տարին մոտենում է եզրագծին, եկել է աստվածաշնչյան ձեւակերպմամբ` քարեր հավաքելու ժամանակը, ամփոփելու արվածը, թերեւս կա դրա գնահատականը` 2012-ի արդյունքներով համայնքը ճանաչվել է լավագույնը հանրապետությունում:

– Նախ համարում եմ, որ գնահատականը միայն այս տարվա արդյունք չէ: Ագարակը եթե ճանաչվել է լավագույն քաղաքային համայնք, 2008 թվականից ի վեր կատարվածի շնորհիվ է: Առաջընթաց քաղաքում արձանագրվել է շատ ոլորտներում, բացառություն է սպորտային բնագավառը: Չենք հասցրել, թե չի ստացվել, դժվարանում եմ ասել: Կաշխատենք այդ բացն էլ շտկել:

– Այնուամենայնիվ, կուզենայինք բնութագրել անցնող տարին:

– Քաղաքապետարանի գործունեությունն իր յուրահատկությունն ունի: Մի քանի ոլորտ տեսանելի չէ բնակչի համար, խոսքը տեղական եկամուտների հավաքման, դրանք առավելագույնս արդյունավետ օգտագործման, ֆինանսական կայունության մասին է: 2008-ից սկսած մեծ ջանք է ներդրվել համայնքի ֆինանսական բյուջեն կարգի բերելու, նրա չափն ավելացնելու ուղղությամբ, դա մեծավ մասամբ մեզ հաջողվել է: Քաղաքային տնտեսության` բնակչությանը երեւացող մասը սանմաքրումն է, աղբահանությունը, բարեկարգումը, որոնցում առաջընթաց ունենք, եւ ձգտում ենք ավելիին: Այսքանով հանդերձ գոհ չեմ: Այն համոզմունքն ունեմ, որ քաղաքում աղբահանություն պիտի կատարել օրական երկու անգամ, եւ դա ասում եմ ոչ առանց հիմքի, մեր ունեցած աղբահավաք մեքենային շուտով կավելանա նորը, որն օրերս տեղ կհասնի:

Արդյունավետության է հասել նաեւ կոմունալ ծառայության աշխատանքը, երբ սկսեցի պաշտոնավարել (2008թ.), սիմվոլիկ կարելի էր համարել կոմունալ ծառայության գոյությունը, այսօր մենք ունենք կենսունակ կոլեկտիվ` հաստիքացուցակով 32 հոգի: Եվ խնդիրը միայն թիվը չէ: Ծառայությունն ունակ է կատարելու իր առջեւ դրված խնդիրները եւ զարգացման միտում ունի: Կոմունալ տնեսության տարեկան բյուջեն կազմում է 44 մլն դրամ, որից 20 միլիոնը աղբահանության վարձավճարներից է գոյանում, մնացյալը համայնքին հատկացրած լրավճարն է: Ընդ որում աղբահանության վճարը սահմանել ենք 400 դրամ, որից 150-ը փոխհատուցում է քաղաքապետարանը` լրավճարի տեսքով:

– Մեր ընթերցողը տեղյակ է, որ Ագարակն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ կոյուղի՞ն:

– Կոյուղու փոխման ծրագիր "Հայջրմուղկոյուղին" առայժմ չունի: Եթե քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, ապա գոնե այդ հատվածում կոյուղագիծը նորացնում ենք: Մյուս կողմից դժվար է պատկերացնել, թե ինչպես 21-րդ դարում համայնքը կարող է գոյատեւել առանց նորմալ կոլեկտորի, առանց կեղտաջրերի մաքրման կայանի: Սա քաղաքի առջեւ ծառացած խնդիրներից է, որը, ցավոք, ոչ միայն սեփական ուժերով, այլեւ Ագարակի կոմբինատի օժանդակությամբ դժվար իրականանալի խնդիր է:

– 2012-ին կոնկրետ ի՞նչ ծրագրեր իրականացրիք, ի՞նչ կոնկրետ գործեր:

– Իրականացրած կարեւոր ծրագրերից կառանձնացնեի Չարենցի փողոցում` քաղաքի ամենախիտ բնակեցված տարածքում, կատարված ասֆալտապատումը: Հիմնախնդիրն այնքան անտեսված էր, որ մարդիկ հույս չունեին, որ երբեւէ կլուծվի: Ներհամայնքային ճանապարհահատվածի ասֆալտապատումը` մոտ 80 մլն դրամ արժողությամբ, ներառում էր ջրահեռացման վակերի տեղադրումը, մայթերի կառուցումը, բակերի բարեկարգումը, որոնք իրականացվեցին երկու փուլով` ընդհանուր առմամբ 400 գծամետր ասֆալտապատում: Նախկինում, երբ հորդ անձրեւ էր տեղում, այդտեղով գետ էր հոսում: Ինչպե՞ս կարելի է Ագարակի նման քաղաք նախագծել ու կառուցել` չնախատեսելով ջրահեռացման համակարգ:

Ագարակի մշակույթի կենտրոնի նորոգման մասին քանիցս խոսվել է: Երբ ապրիլին հանրապետության նախագահն այցելեց Ագարակ եւ եղավ վերանորոգված մշակույթի կենտրոնում, խնդիր դրվեց նաեւ Ագարակի արվեստի դպրոցը նորոգել: Եվ ահա սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկել է արվեստի դպրոցի նորոգումը: Այժմ արվեստի դպրոցի սաները պարապմունքներն անցկացնում են մշակույթի կենտրոնում, մինչեւ իրենց կրթօջախի նորոգումն ավարտվի:

– Որքանով տեղյակ ենք, Ագարակում ճանապարհաշինարարական նոր աշխատանքներ են սկսվել:

– Այդպես է: Այս օրերին "Մեղրու ճանապարհների շինարարություն եւ շահագործում ձեռնարկություն" ՍՊ ընկերությունը հողային աշխատանքներ է իրականացնում մաքսակետից Ագարակ ընկած 800 գծամետր ճանապարհահատվածը կառուցելու համար: Շատ են եղել դեկլարատիվ հայտարարություններ թե Մեղրին, Ագարակը Հայաստանի հարավային դարպասն են: Բայց թե ինչպիսի՞ն էր այդ դարպասը, դա շատերին չէր հետաքրքրում: Մեր քաղաքին տրված չորրորդ "տրանշը" հատկացրել ենք ոչ թե քաղաքի ներսում որեւէ խնդիր լուծելուն, այլ համապետական նպատակի համար: Նախ` դրանով մեկ կիլոմետրով կարճանում է մաքսակետ-Ագարակ ճանապարհը, երկրորդ` ճանապարհի գործարկումով կգեղեցկանա քաղաքը, նույն է որ հանրապետության հարավային դարպասը, մանավանդ որ այդտեղով պատշաճ լուսավորություն կանցկացվի, կբարեկարգվի շրջակայքը, նաեւ կտեղադրվի Հայաստանի Հանրապետության խորհրդանիշը` պետական դրոշը:

– Քաղաքաշինությունն էլ, ասես, նոր դեմք ու դիմագիծ է ստանում Ագարակում: Գո՞ւցե քաղաքի կենտրոնի կառուցապատումն է նման տպավորություն թողնում: Խորհրդային տարիներին Ագարակը սովորական քաղաք է եղել, բայց այժմ, կարծես, առանձնահատկություններ է ձեռք բերում: Բնակավայրն ակնահաճո է դարձել:

– Մենք բնակչությանն անընդհատ կոչ ենք անում, ներշնչում, խրախուսում, քաղաքապետարանով պայմանավորված` ամեն հնարավորն անում ենք, որ մարդիկ բարեկարգ ու գեղեցիկ պահեն իրենց շրջապատը, հորդորում ենք, որ նորոգումներ անելիս չխաթարեն քաղաքի ճարտարապետական դեմքը, ինձ թվում է` հաջողության բանալին հենց դա է: Ձգտում ենք, որ ամեն մի ձեռնարկման հետեւանքով համայնքը ոչ թե տուժի, այլ շահի: Մենք նման քաղաքականություն ենք որդեգրել, ըստ իս, դա ստացվում է, ժողովուրդն էլ տեսնում եւ համոզվում է: Այս ամենում մեծ ավանդ ունի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Շատերն ասում են` կոմբինատը պարտավոր է, բայց ես խնդիրն այդ տեսանկյունից չեմ դիտում: Կոմբինատը տնտեսվարող սուբյեկտ է, սեփականության որոշակի պատկանելությամբ: Տրամաբանական չէ նրա առջեւ ինչ-որ խնդիր դնել: Ինձ բավարարում է նրա որդեգրած ճիշտ մենեջմենտը, կոմբինատի զարգացմանը զուգընթաց` քաղաքակիրթ հարաբերությունները պահպանելով, ձեռնարկության ղեկավարության հետ ձգտում ենք Ագարակի առջեւ ծառացած խնդիրները լուծել:

– Այսօր մի զուգադիպությամբ սկսվում է Ձեր պաշտոնավարման երկրորդ քառամյա ժամկետը: Ի՞նչ գլխավոր խնդիրներ եք տեսնում առաջիկա չորս տարում իրականացնելու: Թվարկեք, խնդրեմ, ամենակարեւորները:

– Ամենագլխավորն այն է, որ քաղաքը մնա լավագույնների շարքում, եւ եղածը ոչ միայն պահենք, այլեւ զարգացնենք: Անկեղծ եմ ասում, ես չեմ համարում, որ Ագարակում վիճակը բարվոք է, դեռ ավելին` շատ չարված գործեր կան, քան արված: Ըստ հերթականության` չարվածից որը ստացվի, լուծելու ենք: Բայց պիտի փաստեմ, որ կոմբինատի գործոնով պայմանավորված, քաղաքի արդյունաբերությունը միաբեւեռ է, այն դիվերսիֆիկացնելու խնդիր կա: Գիտակցում եմ, որ դա շատ դժվար խնդիր է: Բայց այլընտրանք չկա:

Եթե ասում եք, ո՞րն է գլխավոր խնդիրը, ապա կասեմ` Ագարակում նոր ձեռնարկություն պիտի բացվի: Կարող է դա լինել մթերող-վերամշակող ձեռնարկություն: Նաեւ կանանց զբաղվածության խնդիր ունենք, որ մշտապես հուզում է մեզ: Քանի որ Մեղրի գետի ջուրը տեղափոխելու ծրագիրը մոտ ժամանակներս լուծվելու է, եւ տեսանելի ապագայում ունենալու ենք ոռոգման ջրի ինքնահոս համակարգ, զարկ կտանք այգեգործության զարգացմանը: Այս պահին ես պտուղ-բանջարեղենի վերամշակման արտադրության հիմնադրման հեռանկարն եմ տեսնում Ագարակում: Եթե նկատում եք, 2008 թվականի իրավիճակը վաղուց հաղթահարել ենք, առաջընթացի հնարավորություններ ենք տեսնում, եթե վերամշակումից զատ այլ հեռանկարներ բացվեն, կձգտենք ունենալ նոր արտադրություն: Մյուս ընտրությունների շեմին կունենանք երկրորդ ձեռնարկությունը: Նման լավատեսությամբ եմ սկսում պաշտոնավարել եւս չորս տարի:

– Որքանով տեղյակ ենք, Ագարակի մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտվել, եւ նրանում ավելացել է սաների թիվը:

– Ագարակի նախակրթարանը հիմնանորոգվեց ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հովանավորությամբ: Իրականացվել է 70 մլն դրամի շինաշխատանք, ընդ որում հիմնանորոգվել է մի մասնաշենք, երկու խաղահրապարակ, որը հագեցվել է ժամանցի գույքով, ցանկապատվել է նախակրթարանի տարածքը: Այժմ մանկապարտեզ է հաճախում 220 մանուկ, ընդ որում` հիմնանորոգման շնորհիվ մեկով ավելացել է խմբերի թիվը, բայց, այնուամենայնիվ, տեղերի թիվը չի բավարարում, կան հերթագրվածներ: Ինչեւէ, իր պայմաններով եւ հագեցվածությամբ Ագարակի մանկապարտեզը չի զիջում մայրաքաղաքի նախակրթարաններին:

– Որքանով հիշում եմ` մեր զրույցների ընթացքում նման թեմա երբեք չի շոշափվել: Խոսքը հյուրանոցային տնտեսության մասին է, թվում է` այդ ոլորտը շատ պիտի զարգանար, նկատի ունենք Իրանի հետ սահմանակից լինելը: Բայց… Պիտի ասեմ, որ Տաթեւի ճոպանուղին Գորիսում այդ ոլորտը մեծապես աշխուժացրեց:

– Ագարակում մի հյուրանոց` 12 համարանոց, եղբայրս է կառուցում: Երկու ամսից շահագործման կհանձնվի: Քաղաքում երեք հյուրանոց է գործում` ընդհանուր համարների թիվը` 30: Ինչպես տեսնում եք, այդ թիվը կհատի 40-ի սահմանը, բայց դեռ բավարար չէ: Ըստ այդմ` հյուրանոցային տնտեսության զարգացումն առաջիկայում մեր տեսադաշտում է լինելու: Խնդրեմ` ովքեր նախաձեռնություն կդրսեւորեն եւ կօժանդակեն մեզ այս հարցում, քաղաքապետարանն ու ավագանին նույն վերաբերմունքով կպատասխանեն, արտոնություններ կտան: Թող գան, ներդրումներ անեն, "գրավեն" Ագարակը:

– Իսկ, այնուամենայնիվ, հայ-իրանական հարաբերություններում կատարվող տեղաշարժերն անդրադառո՞ւմ են Ագարակի վրա:

– Պարծենալու բան չկա: Վերջերս մի պատվիրակություն եկավ 19 հոգուց բաղկացած` բոլորն էլ քաղաքապետեր: Ընդունելություն եղավ նաեւ Ագարակում: Այսքանը: Օրինակ, ավագանու նիստում հանդես եմ եկել առաջարկությամբ. մենք հողատարածք ենք հատկացնում, իրանական կողմն ազգային ճաշատեսակների եւ ուտեստների խոհանոց է հիմնում: Նաեւ այն համոզումն ունեմ, որ հայ-իրանական տնտեսական, մշակութային, մարզական կապերի աշխուժացումը պետական լուրջ մոտեցման կարիք ունի:

– Բայց մի կարեւոր քայլ էր կատարվել. ժամանակին սահմանային շուկա էր բացվել: Կարծես թե այդ նախաձեռնությունը ճիշտ չօգտագործվեց: Հնարավոր չէ՞ նորից քննարկել սահմանային շուկայի խնդիրը:

– Հարցին կպատասխանեմ որպես մաքսային ոլորտի նախկին աշխատակից: Ինչքանով օգտվում էր ժողովուրդը սահմանային շուկայից, ճիշտ այդքանով կորցնում էր պետբյուջեն: Այսինքն` պետությունը պիտի ծանրութեթեւ անի. պատրա՞ստ է ինքը պետբյուջեի այդքան եկամուտից հրաժարվել, եւ արդյո՞ք անհրաժեշտ է այդ շուկայի գոյությունը:

– Նախնական զրույցի ժամանակ Դուք մի հետաքրքիր թիվ ասացիք, Ագարակի բնակչությունը 300-ով վերջին չորս տարում ավելացել է` գումարած չհաշվառվածները, ինչքա՞ն է ավելացել: Հետաքրքիր է, մարդիկ որտեղի՞ց են գալիս Ագարակ:

– Կոմբինատի գործոնով է պայմանավորված, այս վերջին ժամանակաշրջանում շինարարների մի քանի ընտանիք է բնակություն հաստատել Ագարակում, մենք մասնագիտությամբ շինարար չունենք: 90-ականներին Ագարակի հանքաշինական կազմակերպությունը նույն ճակատագրին արժանացավ, ինչ Հայաստանի շատ ձեռնարկություններ: Ագարակն ունեցել է 4800 գրանցված բնակչություն, եւ 600-ից ավելի չգրանցված: Հենց այդ չգրանցվածների հաշվին է թիվն ավելացել:

– Մի բան էլ պիտի հարցնեմ: Ինչպե՞ս եք գնահատում զորամասում տիրող մթնոլորտը: Կուզենայինք Ձեր նկատառումները հայտնել: Վերջերս Ագարակի զորամասի մարտական հենակետում հերթական անգամ զինվոր է զոհվել:

– Ցավալի է յուրաքանչյուր երիտասարդի ընդհատված կյանքի փաստը. բայց չմոռանանք, որ բանակը մեր հասարակության մի մասնիկն է, եւ նրանում առկա նեգատիվ երեւույթները որոշակիորեն իրենց անդրադարձն են ունենում բանակային կյանքում: Մի մասնավոր դեպքով չի կարելի գնահատել գնդի մարտական եւ բարոյահոգեբանական վիճակը: Ես չեմ համարում, որ Նախիջեւանի սահմանի պահպանությունը միայն գնդի գործն է: Մենք սերտ համագործակցում ենք, հրամանատարի հետ միասին այցելում ենք դիրքեր: Ունենալ այսպիսի փոքր քաղաքում մոտոհրաձգային գունդ, պարզապես հպարտություն է: Նաեւ ասեմ` Ագարակում սպաների ընտանիքներ են բնակվում. դա էլ է դրական ազդում քաղաքի միկրոկլիմայի վրա: Երիտասարդ ընտանիքներ են, բարձրագույն կրթությամբ, մեծ դեր ունեն Ագարակում: Դա բնակչության մի խավ է, մի շերտ է եւ գեղեցիկ շերտ է: Դրական աուրա ձեւավորող շերտ է: Զինվորականն այսօր համարվում է լիիրավ ագարակցի:

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]