Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Քաջարան քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ ընդունվեց համայնքի ավագանու կանոնակարգը եւ քննարկվեց համայնքի 2013 թ. բյուջեի նախագիծը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը քաղաքապետ Վարդան Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց քաղաքի ընտրողներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել ՏԻՄ ընտրություններին եւ քվեարկել ավագանու ներկայիս կազմի օգտին: Նա նաեւ համառոտ ամփոփեց կատարվածը եւ մատնանշեց առաջիկա անելիքները. "Նախորդ չորս տարվա ընթացքում համայնքում որոշակի առաջընթաց է եղել, բազմաթիվ խնդիրներ են լուծվել, ինչը մենք պետք է շարունակենք համատեղ աշխատանքի առաջիկա չորս տարվա ընթացքում, արդարացնենք մեր համաքաղաքացիների սպասելիքները": Նորընտիր ավագանու անդամները նիստի ժամանակ երդում տվեցին: Համայնքի ղեկավարը հատուկ շնորհավորեց նորընտիր ավագանու անդամ Դորետա Հակոբյանին, ով համայնքի պատմության մեջ ավագանու միակ կին անդամն է: Այնուհետեւ ներկայացվեց համայնքի 2013թ. բյուջեի նախագիծը, ըստ որի համայնքի բյուջեի մուտքային մասը կկազմի 238 մլն 367,3 հազար դրամ` նախորդ տարվա 195 մլն 878 հազար 800 դրամի փոխարեն, որից 88 մլն 424,7 դրամը կազմում է լրավճար` նախորդ տարվա 87մլն 560 հազար 200 դրամի փոխարեն, իսկ 19 մլն 249 հազարը` բնապահպանական վճար: Ի դեպ, 2012թ. Քաջարան համայնքը զրկվել էր բնապահպանական վճարներից: Անցած տարվա համեմատ համայնքային բյուջեի` մոտ 43մլն դրամ աճը, սակայն, պայմանավորված չէ միայն բնապահպանական վճարներից քաղաքին հատկացվելիք վճարով (19,8մլն դրամ): Նախատեսված մյուս մասը տրամադրելու է "ԶՊՄԿ" ՓԲ ընկերությունը` քաղաքում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար:
Նիստի վերջում Վարդան Գեւորգյանն ավելացրեց նաեւ, որ մոտ ժամանակներս ներկայացնելու են նաեւ համայնքի զարգացման քառամյա ծրագիրը, որից հետո փորձելու են ծրագրում ներկայացված կետերն իրականություն դարձնել: Իսկ բնապահպանական վճարներից քաղաքին տրվող 19 մլն 249 դրամի հիմնական մասը կուղղվի քաղաքի զբոսայգիների վերականգնման նախագծերի մշակման, "Քաջարանի բնությունն ու էկոլոգիան" դասագրքի վերահրատարակման եւ էկոլոգիական դաշտային կայանի ստեղծման նպատակին:
ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ