Տարիներ շարունակ Սյունիքի մարզի այս հատվածում իրականացվող բնապահպանական անգրագետ քաղաքականությունն արդեն իսկ արձանագրում է վտանգավոր հետեւանքներ մարդկանց առողջության համար
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի կարգադրությամբ` վերջերս Սիսիանում ապօրինի ծառահատումներ էին կատարվել: Այդ թեմային անդրադարձել էր "Առավոտ" օրաթերթը, ապա նաեւ տեղական "Որոտան" եւ մարզային "Սյունյաց երկիր" թերթերը: Ուշագրավ է, որ "Սյունյաց երկիրը" տպագրել է սիսիանցի դպրոցականների նամակն ուղղված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որով երեխաները խնդրում են մարզպետին Սիսիանը փրկել քաղաքապետի ապօրինի ու կամայական որոշումներից:
Իսկ ահա սիսիանցիները քաղաքի կրպակներում չեն կարողանում գտնել վերոնշյալ թերթերը: Վաճառողների հավաստմամբ` երկու թերթերի ամբողջ քանակությունը գնել է մեկ մարդ, թե ով` չասացին:
"Այդ բոլոր թերթերը գնողը քաղաքապետի ենթականերից էր` անունը չգիտեմ, եկավ, հարցրեց թե ինչքան է վաճառվել ու մնացածը գնեց: Հետո էլ ասում են, թե ԲՀԿ-ն ժողովրդի կողմից է, ընդդիմություն չի, բայց այլընտրանք է: Էս մեր քաղաքապետն էլ էդ բառն իր ձեւով է հասկացել` որպեսզի ծառերը չխնամի, թափված տերեւները չհավաքի, բռնում, ծառերը քոքից կտրում ա", - այսպես ներկայացրեց իրողությունը ականատեսներից մեկը:
Մերի ՍԱՀԱԿՅԱՆ, "Առավոտ" օրաթերթ
16 նոյեմբերի 2012թ.