"Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն" հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է "Ոստիկանության բաց դռների օր" ծրագիրը, որի նպատակն է ավագ դպրոցի աշակերտներին ներկայացնել ոստիկանության խնդիրները, գործունեության հիմնարար ուղղություններն ու ծառայության յուրահատկությունները: Նոյեմբերի 10-ին հերթական` թվով 10-րդ միջոցառումը տեղի ունեցավ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում, որին մասնակցեց Կապանի N2 եւ N9 ավագ դպրոցի մոտ 30 աշակերտ: Միջոցառման հիմնական ու առաջնային խնդիրն էր` ամրապնդել ոստիկանության եւ բնակչության միջեւ փոխվստահությունը: Աշակերտներին ու հյուրերին ջերմորեն ընդունեց Սյունիքի մարզային վարչության պետ, գնդապետ Վախթանգ Ավագյանը, ով նշեց. "Այսօր մենք կերտում ենք ոստիկանի կերպար, որի համար իր գործը պատիվ է: Ոստիկան տեսնելիս միանգամից պետք է հասկանալ, որ տեսնում եք ձեր պաշտպանին": Ներկաներին ողջունեց նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական բաժնի պատասխանատու Լիլիան Շալառուն` ասելով. ""Ոստիկանության բաց դռների օր" ծրագիրը նպատակ ունի ջերմացնել հարաբերությունները ոստիկանության եւ երիտասարդ քաղաքացիների միջեւ: Հայաստանում սա մեր երրորդ խոշոր ծրագիրն է":
Օրվա ընթացքում դպրոցականները հնարավորություն ստացան ծանոթանալ նաեւ ոստիկանի առօրյա աշխատանքին, ծառայողների հետ քննարկեցին ոստիկանական աշխատանքի մարտահրավերները: Մի քանի աշակերտ հանդերձավորվեցին անվտանգության համար նախատեսված հագուկապով, որը հիմնականում ոստիկանները կրում են զանգվածային անկարգությունների ժամանակ: Երեխանները եղան նաեւ վարչության լաբորատորիայում, փորձեցին ոստիկանական սարքավորումները, հատուկ միջոցները եւ հնարավորություն ունեցան պարեկային մեքենայով շրջել քաղաքում: Կայացավ նաեւ հանդիպում անչափահասների գործերով տեսուչների հետ, որի ընթացքում աշակերտները կարծես թե գտան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Միջոցառման ներկա մասնագետներն աշակերտների հետ թեմատիկ զրույցներ վարեցին տարբեր խնդիրների, այդ թվում` թմրամոլության, թրաֆիքինգի, կոռուպցիայի, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության մոդելի շուրջ: Քննարկվող թեմաներին աշակերտները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն եւ պատասխանեցին առաջադրված հարցերին: Վերջում բոլոր մասնակիցներին բաժանեցին նշված թեմաներով հատուկ մշակված տեղեկատվական բրոշյուրներ, ինչպես եւ հուշանվերներ:
ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ