ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեղորայքի գծով պետգնումների ոլորտում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ հանրապետության գործող 134 բուժհաստատությունից 100-ն անհրաժեշտ դեղորայքը ձեռք է բերել առանց մրցույթի: Դրանց թվում էին Սյունիքի մարզի չորս բուժհաստատություն` "Սիսիանի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ն, "Սյունիքի մարզի արյան փոխներարկման կայան" ՓԲԸ-ն, "Քաջարանի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ն եւ "Մեղրու բժշկական կենտրոն" ՓԲԸ-ն: "Սյունյաց երկրի" հոկտեմբերի 29-ի համարում թեմային հանգամանալից անդրադարձել էինք "Մարզի բուժհաստատություններում եւս դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթի" հոդվածում, որի վերջում ակնկալիք էր հայտնվել օրինախախտումների վերաբերյալ լսել վերոնշյալ չորս բուժհաստատության ղեկավարների պարզաբանումները:
Հոդվածին առաջինն արձագանքեց "Սիսիանի բժշկական կենտրոն" ՓԲ ընկերության տնօրեն Արտյոմ Թադեւոսյանը, ում հետ զրույցում պարզ դարձավ, թե ինչու է իր ղեկավարած հաստատությունը հայտնվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի "սեւ ցուցակում": Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` "Սիսիանի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ին ուղղված նամակի` հայտնաբերված խախտումներն են. ""Գնումների մասին" ՀՀ օրենքի համաձայն "Սիսիանի ԲԿ" ՓԲԸ-ն հանդիսանում է պատվիրատու եւ պարտավոր էր դեղամիջոցները եւ բժշկական պարագաները ձեռք բերել պարբերական մրցույթների միջոցով, սակայն դեղորայքը ձեռք է բերել գնումների ընթացակարգի խախտումով, այսինքն` առանց մրցույթի հայտարարման եւ անցկացման: Ընդ որում` չի կարող հիմնավորվել նաեւ գնանշման հարցում կամ մրցակցային բանակցություններով գնման ընթացակարգերի կիրառումը, քանի որ "Գնումների մասին" օրենքի 21 եւ 22-րդ հոդվածների համաձայն` գնանշման հարցում կամ մրցակցային բանակցություններով գնման ընթացակարգերը կարող են կիրառվել, եթե գնման առարկան ներառված չէ պարբերական մրցույթով կնքվելիք պայմանագրերում: Օրինակ` համաձայն "Մեդիտեք" ՍՊԸ-ի կողմից 2009-2010 թթ. տրված մի շարք հաշիվ-ապրանքագրերի` "Սիսիանի ԲԿ" ՓԲ ընկերությունն արտամրցութային կարգով ձեռք է բերել վիրահատական, հեմոգլոբինի, գլյուկոզայի որոշման հավաքածուներ, մինչդեռ այդ սարքավորումները եւ պարագաները ներառված են պարբերական մրցույթների միջոցով կնքված պայմանագրերում: Դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաեւ, որ "Սիսիանի ԲԿ" ընկերությունը մի շարք դեղեր, բժշկական պարագաներ եւ նյութեր է ձեռք բերել մրցութային, իսկ որոշ դեպքերում` շուկայական գները գերազանցող գնով: Այսպես` համաձայն "Արմֆարմ" ՍՊԸ-ի կողմից 2011 թ. տրված մի շարք հաշիվ-ապրանքագրերի` ցեֆտրիաքսոն 1գ/ե,մ/մ, նատրիումի քլորիդ 0.9% 500 մգ, ցեֆազոլին 1գն/ե,մ մ, ամոլդիպին 5մգ N10 դեղամիջոցները "Սիսիանի ԲԿ" ՓԲ ընկերությունը ձեռք է բերել երկուսից հինգ անգամ բարձր գներով, մինչդեռ հանձնաժողովի կողմից դեղերի շուկայում կատարված ուսումնասիրության համաձայն այդ դեղամիջոցների գները նույն ժամանակահատվածում կազմել են ընդամենը 250, 150, 190 եւ 850 դրամ": Այս ամենին "Սիսիանի ԲԿ"-ի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանը, տնօրենի բուժգծով տեղակալ Վարդուշ Թեւանյանը եւ հիվանդանոցի դեղատան վարիչ Վարդան Օհանյանն այլ բացատրություններ ունեն: Ըստ վերջիններիս` "Սիսիանի ԲԿ" ՓԲ ընկերությունը դեղորայքը ձեռք է բերում բացառապես մրցութային կարգով` սկսած 2008-2009 թվականից: Այս ու անցյալ տարիները եւս բացառություն չեն, եւ մրցույթն իրականացվել է առանց "Գնումների մասին" ՀՀ օրենքի խախտման (մեզ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ 2008 թվականից մինչեւ հիմա իրականացված բոլոր մրցույթների արձանագրություններին): Նրանց բացատրությունն` ավելի հանգամանալից:
Վարդուշ Թեւանյան, "Սիսիանի ԲԿ" ՓԲԸ տնօրենի բուժգծով տեղակալ. "Մենք դեղերի գնումը կատարել ենք մրցութային կարգով: Մրցույթը անցկացվել է հետեւյալ կերպ` նախ` ունենք դեղորայքի գծով մրցութային հանձնաժողով, որի նախագահը ես եմ: Հանձնաժողովն ունի երեք անդամ, ինձնից բացի` նաեւ հիվանդանոցի դեղատան վարիչ Վարդան Օհանյանը եւ գլխավոր հաշվապահ Հովնան Հարությունյանը: Մրցույթ իրականացրել ենք, եւ ՏՄՊՊ հանձնաժողովը մեզնից պահանջել է ներկայացնել տեղեկատվություն նվիրատվության հիմունքներով տարբեր սուբյեկտներից ստացած դեղերի, բժշկական պարագաների եւ նյութերի վերաբերյալ, դեղերի, բժշկական պարագաների եւ նյութերի գնման նպատակով հայտարարած մրցույթների, ինչպես նաեւ գնումների ընթացակարգից դուրս կնքված (դեղերի ձեռքբերման) պայմանագրերի եւ հաշիվ-ապրանքագրերի վերաբերյալ: Նշված փաստաթղթերը ներկայացրել ենք, որից հետո ստացել պատասխան նամակ եւ հայտնվել այն բուժհաստատությունների ցուցակում, որոնք դեղորայքը ձեռք չեն բերել մրցութային կարգով: Մրցույթը կազմակերպել ենք հետեւյալ կերպ. նախ` հայտարարվում է մրցույթ, ապա ընդունվում են մրցույթի մասնակցության հայտերը, մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած կազմակերպությունները ներկայացնում են իրենց գնային առաջարկները` յուրաքանչյուր դեղի կամ պարագայի համար: Իսկ բուն մրցույթի ժամանակ փաթեթ առ փաթեթ ստուգվում են առաջարկները եւ ընտրվում (գնումների պետական կոմիտեի նշած գնին համապատասխան) համեմատաբար ավելի ցածր գին ունեցող առաջարկները, բարձր գնով իրավունք չունենք, ինչը, սակայն, այնքան էլ նպատակահարմար չեմ համարում, քանի որ ցածր գին ունեցող դեղամիջոցներն ու պարագաները հիմնականում ունենում են ցածր որակ եւ պակաս արդյունավետ են":
Արտյոմ Թադեւոսյան, "Սիսիանի ԲԿ" ՓԲԸ տնօրեն. "Կատարված գնումների արդյունքում "Ալֆա ֆարմ" ընկերությունը հաղթել է մրցույթում, եւ այդ ընկերությունից գնել ենք կարաթել: Եթե մրցույթում շահել է նշված ընկերությունը, ապա մենք պարտավոր ենք կարաթելը գնել այդ ընկերությունից, սակայն մրցույթից հետո պարզվեց, որ "Ալֆա ֆարմ" ընկերությունն ունի միայն նայլոն տեսակի կարաթել, իսկ մեզ վիրահատություններ եւ կեսարյան հատում կատարելու համար հարկավոր է վիկրիլ կամ սուրջիդագ թելերը: Այսինքն` մենք շահած ընկերությունից գնել ենք նայլոն կարաթելը, մրցույթից դուրս` անհրաժեշտությունից ելնելով, գնել ենք նաեւ վիկրիլ տեսակի կարաթել "Մեդիտեք" ֆիրմայից: Վիկրիլ տեսակի կարաթել գնելու համար ծախսել ենք 500 հազար դրամ: ՏՄՊՊ հանձնաժողովի նշած մյուս խախտումը` հեմոգլոբին եւ գլյուկոզա ռեագենտների մատակարարման մրցույթը շահել է մեկ կազմակերպություն, սակայն գնել ենք այլ կազմակերպությունից, քանի որ շահած կազմակերպությունը դեղորայքը պետք է վաճառեր 2330 դրամով, բայց մենք ձեռք ենք բերել 2100 դրամով: Այս է ամբողջ պատմությունը": Վարդան Օհանյան, "Սիսիանի ԲԿ" ՓԲԸ-ի դեղատան վարիչ. "Համաձայն ՀՀ կառավարության 05.06.2008թ. N853-Ն որոշմամբ հաստատված "Գնման առարկայի բնութագրի հաստատման,նախնական հսկողության եւ գնումների ֆինանսավորման" կարգի 35-րդ կետի` կազմակերպությունը պարտավոր է գնումը կատարել պարբերական մրցույթով կնքված ցածր գնով, իսկ եթե դա անհնարին է, ապա գնումը կատարվում է պարբերական մրցույթով կնքված պայմանագրի շրջանակում: Հաշվի առնելով այն փաստը, որ ոչ մի կազմակերպություն մրցույթի ավարտից հետո նույն գնով մատակարարում չի կատարում` "Սիսիանի ԲԿ" ՓԲԸ-ն գնումները կատարել է վերը նշված օրենքի շրջանակում: Հիմնական խնդիրը հանգում է նրան, որ մրցույթը կայանում է ապրիլ-մայիս ամիսներին, իսկ մինչ այդ կազմակերպությունը ստիպված է լինում գնումներ կատարել նախկին պայմանագրային գների շրջանակում":
Նրանք նաեւ հայտնեցին, որ դեղերի գնման գործընթացը բավականին աշխատատար է, ինչին հատուկ են բազմաթիվ հակասություններ, եւ ոլորտն ունի օրենսդրական բարեփոխումների կարիք: Ըստ Վարդուշ Թեւանյանի` ավելի նպատակային կկազմակերպվեր գնումների գործընթացը, եթե բուժհաստատությունում առանձնացվեր հատուկ այդ խնդրով զբաղվող հաստիք, եւ համապատասխան աշխատողն ունենար տնտեսագիտական կրթություն. "Թող ամեն մարդ իր գործով զբաղվի, գնումների մրցույթը բավականին աշխատատար եւ ժամանակատար գործընթաց է, որի համար բժիշկը ժամանակ չունի": Իսկ Արտյոմ Թադեւոսյանը կարծում է, որ պետք է ստեղծվի առողջապահության նախարարության հատուկ բաժին, որը կզբաղվեր գնումների գործընթացի կարգավորմամբ (միգուցե կենտրոնացված գնումների կազմակերպմամբ), եւ բոլոր բժշկական կենտրոնների գնումները միասնաբար այդ մարմինը կիրականացներ. "Այդ դեպքում մենք` բժիշկներս, չէինք հայտնվի նման անհարմար իրավիճակներում, եւ օրենքի խախտումներ էլ չէին գրանցվի":
Խախտումների վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել նաեւ "Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն" ՓԲԸ տնօրեն Ծաղիկ Վարդանյանը. "ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովը 2011թ. մայիսի 12-ին "Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն" ՓԲԸ-ից պահանջել է 2009, 2010 ժամանակաշրջանում դեղորայքի գնման գործընթացների հետ կապված ամբողջ փաստաթղթաշրջանառությունը եւ քանի որ 2009-ից մինչեւ 2010-ի օգոստոսը "Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի փոխարեն գործել են "Ագարակի հիվանդանոց" եւ "Մեղրու բժշկական կենտրոն" ՓԲԸ-ները, ապա հանձնաժողովին տրվել է Մեղրու եւ Ագարակի բժշկական կենտրոնների 2009, 2010 թվականների հունվար-օգոստոս ժամանակաշրջանում եւ "Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի մինչեւ 2010-ի տարեվերջ դեղորայքի գնման գործընթացի հետ կապված ամբողջ փաստաթղթերի փաթեթը: Ընդ որում` "Ագարակի հիվանդանոց" ՓԲԸ-ի կողմից 2009թ. իրականացվել է դեղորայքի գնումների գործընթաց` համապատասխան գործող մասին օրենքի` մրցույթ հայտարարելու միջոցով, այնուհետեւ 2009թ. նոյեմբեր ամսից սկսվել է վերոնշյալ ՓԲԸ-ների միաձուլման նպատակով ակտիվների եւ պասիվների գույքագրման, կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի վերաթողարկման գործընթաց, որն ավարտվել է 2010թ. օգոստոսի 13-ին եւ արդյունքում ստեղծվել է "Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն" ՓԲԸ-ն: Այս գործընթացի պատճառով էլ 2010թ. դեղորայքի գնումների գործընթացը մրցույթ հայտարարելու միջոցով չի իրականացվել": Չնայած Ծաղիկ Վարդանյանը փորձում է ներկայացնել, թե ինչ պատճառներով է հայտնվել խախտում կատարածների ցուցակում, միեւնույն է, բոլոր պարզաբանումների վերջում մի բան ակնհայտ է դառնում` խախտվել է դեղերի գնումների մասին օրենքը եւ մրցույթ չի հայտարարվել:
Հարցի վերաբերյալ իր մեկնաբանությունը ներկայացրեց նաեւ "Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան" ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Առաքելյանը: Ըստ բժիշկ Առաքելյանի` "2012թ. ներկայացրել ենք դեղորայքի գնումների մրցույթի հայտ 11/15 շրջանակային համաձայնագրով 44 կազմակերպության, որոնցից արձագանքել են չորսը, եւ նրանց հետ էլ կնքել ենք պայմանագիր` լաբորատոր հետազոտությունների թեստ-համակարգեր ձեռքբերելու համար` իմունոֆերմենտային մեթոդով հետազոտությունների նպատակով: Մենք ոչ մի խախտում չենք արել, ուղղակի անցյալ տարիների ընթացքում, երբ հայտ էինք ներկայացնում մրցույթի համար, ոչ մի կազմակերպություն մեզ չէր արձագանքում: Այդ է պատճառը, որ նախորդ տարիներին պայմանագիր չենք կնքել: Իսկ այս տարի ավելի հետեւողական եմ եղել ու խնդրել եմ, որ մեր ներկայացրած մրցույթի հայտերն անպատասխան չմնան: Օրենքը պահանջում է գնումներն իրականացնել բացառապես մրցակցային ընթացակարգով, եթե միանման գնման առարկաների խմբերի նախահաշվային գինը գերազանցում է 1 մլն դրամը, իսկ մենք ծախսել ենք ընդամենը 111հազ. 380 դրամ":
Հուսանք, որ նշված բուժհաստատություններն այսուհետ ավելի հետեւողական կլինեն, ավելի ուշադիր կհետեւեն դեղերի գնումների մասին օրենքի պահանջներին եւ կխուսափեն օրինախախտների շարքերը համալրելուց:
ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ