ԱՐՁԱԳԱՆՔ
Մեռելներին հանգիստ թողեք

Հարգելի "Սյունյաց երկրի" խմբագրություն, հարգարժան խմբագիր պարոն Ալեքսանյան: Կարդացի Եղվարդում Թորոս իշխանի կարծեցյալ մասունքների եւ գերեզմանաքարի տեղափոխման մասին Աղավնի Նավասարդյանի հոդվածը եւ ակամայից հիշեցի անմահ Ջիվանու "Խելքի աշեցեք" երգի երկրորդ եւ վերջին քառյակները:

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի աշեցեք:
Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի... աշեցեք:

…Ես որպես եղվարդցի եւ մասնագիտությամբ պատմաբան` շատ եմ զարմացել հատկապես այն առումով, որ ժամանակին շատ հացառատ այդ գյուղի արդի հիմնախնդիրները թողած` փորփրում են գիտությանը եւ մարդկանց առանձնապես ոչինչ չտվող հարցեր:

Չգիտեմ, ո՞վ է նախաձեռնել այդ ներկայացումը եւ ի՞նչ նպատակ է հետապնդել: Պետք է ասեմ, որ այդ մարդիկ կարող են վաղը չէ մյուս օրն էլ հայտարարել, թե Թորոսը գոյություն չի ունեցել: Տարիներ առաջ Եղվարդի եկեղեցու մեջտեղը քանդեցին տրակտորով, հանեցին մի մեծ քար` ոսկի գտնելու նպատակով… Տողերիս հեղինակն այդ մասին "Սրբապղծություն" վերնագրով հոդված տպագրեց "Կապան" թերթում: Հոդվածում նշված էր նաեւ, որ գողացել են պատուհաններից մեկի կապտագույն որմնաքարերը...

Այդ մասին տեղյակ էին պահվել հուշարձանների պահպանության համար պատասխանատու այրերը, ՆԳ բաժինը, հոգեւոր իշխանությունները, սակայն ոչ մեկի կողմից որեւէ արձագանք չեղավ:

Այսօր շատ շատերն իրենց կոչումին անհարիր գործով են զբաղվում` պատմություններ, գրքեր, հուշեր գրում, անգամ "վկայում են", թե 1725 թվականին որտեղ թաղեցին իշխանին: Ես կարող եմ ավելի հիմնավոր ներկայացնել իմ ունեցած տեղեկություններն ու փաստերը, սակայն ավելի լավ է մեռելներին հանգիստ թողնենք: Գյուղը դատարկվում է, վարելահողերը մեծամասամբ թփակալել են, չորս գյուղի միակ դպրոցի (միջնակարգ) երեխաների թիվը 100-ից իջել է 30-ի, 170 տնից ծուխ է ելնում միայն 50-ից եւ այլն, իսկ մենք հայրենասիրության թատրոններ ենք տալիս:

Միգուցե թողնենք խաղերը եւ մտածենք այդ ենթաշրջանի գյուղերը փրկելու մասին:

ԱՐԿԱԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]