ՉԱՐԵՆՑՅԱՆ ՏԱՐԻ
"Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի..."

Գրական ցերեկույթ Գորիսի պետական քոլեջում

2012 թվականը Եղիշե Չարենցի ծննդյան 115 եւ պոետական գործունեության 100-ամյակն է (անդրանիկ բանաստեղծությունը` "Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին", գրել է 1912թ.), իսկ նոյեմբերի 27-ը` նրա մահվան 75-րդ տարելից էր:

Բանաստեղծի հիշատակը հավուր պատշաճի նշվեց Գորիսի պետական քոլեջում: Աշնանային օրվա պայծառ տրամադրությունը տեղափոխվել էր կրթօջախի դահլիճ: Բեմում բանաստեղծի` Մարտիրոս Սարյանի վրձնած մեծադիր նկարն էր եւ Հրանտ Մաթեւոսյանի խոնարհումի խոսքը` "…Ինքը մեր ժամանակի առաջնորդն է, որովհետեւ ինքը ազատության ոգին է, ու ազատությունն ինքն է": Օրվա խորհրդին պատշաճող միջոցառումն սկսվեց պոետի բանաստեղծությունների ասմունքով, դրանք արտասանում էին քոլեջի ուսանողուհիներ Լիլիթ Բակունցը, Արմինե Բալայանը, Սոֆի Յոլյանը, Սոնա Բաբաջանյանը, ովքեր ներկայացրին նաեւ մեր մեծերի գնահատանքի խոսքը Չարենցի մասին:

Այնուհետեւ Չարենց անհատականության, պոետի, նորարարի մասին ծավալուն զեկույցով հանդես եկավ չարենցագետ, "Հայոց լեզու եւ գրականություն" ամսագրի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: – Չարենցի մասին շատ են խոսում, շատ են ներկայացնում, – այսպես սկսեց խոսքը գրականագետը, - այսօր էլ գրական եւ հանրային հետաքրքրությունների կիզակետում է, առանցքային անուններից է, բայց առեղծվածները չեն պակասում, դեռ ավելին` գնալով շատանում են, նրա անվան շուրջ հյուսվող առասպելները ձնագնդի նման թափ են հավաքում: Չարենցի մասին խոսք ասել, ինձ համար մեծ պատիվ է, եւ արժեր երկար ճանապարհ կտրել ու հանդիպել մտերմիկ մարդկանց, այս ուսանողության հետ եւ խոսք ասել Չարենց անհատականության ու նրա պոեզիայի մասին: Չարենցի տուն-թանգարան մտնելիս հայացքդ ակամա ընկնում է ընտանեկան մի նկարի վրա: Չարենցը նկարում 10-11 տարեկան է, կանգնած է մի տեսակ հպարտ, գլխարկը բարձր, խրոխտ... Այս կերպարը նրան ուղեկցեց ողջ կյանքի ընթացքում: Նրա վերջին նկարներից մեկը փողկապով է, ծխախոտը` բերանում` կիսախելագարի տեսքով, այս նկարագիրը Չարենցը պահպանեց ողջ կյանքի ընթացքում:

Մոտ երկու ժամ տեւեց Դավիթ Գասպարյանի զեկուցումը: Բանախոսը հանգամանորեն անդրադարձավ Չարենցի անձի, պոետական գործունեության տարբեր փուլերին:

Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը շնորհակալություն հայտնեց գրականագետին` քոլեջ այցելելու եւ բովանդակալից զեկուցում ներկայացնելու համար. "Մեր կրթօջախի վերջին տարիների ամենաուշագրավ իրադարձությունն է սա, Չարենցյան տարում բազմաթիվ միջոցառումներ եղան, թերեւս այս մեկն ամենանշանակալիցն է, քանզի մեր քոլեջ այցելած անձնավորությունը` Դավիթ Գասպարյանը, հայ իրականության ամենանշանավոր չարենցագետն է, եւ շատ գոհ ենք նրա ներկայացրած խոսքից, որ անչափ ուսանելի էր ու անմոռանալի: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ քոլեջի երրորդ կուրսի ուսանողներին, հայ գրականության դասախոս Աննա Ալեքսանյանին` հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար": Այնուհետեւ ներկաներն իրենց հարցերն ուղղեցին Դավիթ Գասպարյանին: Վերջին շրջանում չարենցագետը հրատարակել է Եղիշե Չարենցի անտիպ ժառանգության մի մասը բովանդակող "Գիրք մնացորդացը", որի մասին էլ նրան ուղղվեց առաջին հարցը: Բանն այն է, որ ժամանակին քաղաքական մեղադրանքով կալանք դրվեց Չարենցի "Գիրք ճանապարհիի" վրա. ստալինյան բռնաճնշումների ժամանակներ էին: Բայց տխուր պատմությունը, կարծեք, կրկնվում է նաեւ մեր օրերում: Այժմ էլ արգելանքի տակ է "Գիրք մնացորդացը", ինչի առիթով բանախոսն ասաց, որ այդ գիրքը մի երեխա է, որ արդեն ծնվել է, որ պիտի ապրի պատանության եւ երիտասարդության տարիներ, հասնի խոր ծերության. ակնարկն ավելի քան թափանցիկ էր, գիրքը վաղ թե ուշ հասնելու է ընթերցողին: Բանախոսին հարց ուղղվեց Չարենց-Բակունց առնչությունների, Չարենցի գերեզմանի գտնվելու վայրի մասին եւ այլն: Ներկաներին հետաքրքրում էր ժամանակակից պոեզիայի արդի վիճակը, նաեւ այն, թե հնարավո՞ր է, որ Չարենցի տաղանդին հավասարազոր մեկը ծնվի մեր օրերում: "Մաշտոցից ու Խորենացուց սկսած հոգեւոր սերմը պիտի հասունանար, հասներ մինչեւ Տերյան ու Թումանյան եւ պիտի խտանար Չարենցի մեջ: Չարենցը մեր ազգային գենետիկ կոդն է: Այդպիսի հանճար հազար տարին մեկ է ծնվում: Այսօրվա Չարենցը չեմ տեսնում, հակաչարենցյան միտումներ` տեսնում եմ: Ոչ թե ընթերցողը հեռացավ գրականությունից, այլ գրականությունն է հեռացել ընթերցողից", - վերը նշված հարցերին այդպես պատասխանեց գրականագետը:

Գրական ցերեկույթին մասնակցում էին նաեւ Գորիսի կրթօջախների եւ մշակութային հաստատությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Իսկ միջոցառումը, որ անցավ գիտական բարձր մակարդակով եւ ուսանողների ակտիվ մասնակցությամբ, ուշագրավ տեղ կզբաղեցնի ոչ միայն քոլեջի, այլեւ Գորիսի կրթական ու մշակութային տարեգրության մեջ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]