Լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծննդյան 115-րդ տարեդարձը եւ մահվան 75-րդ տարելիցը: Այդ առիթով Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները հայոց լեզվի ուսուցչուհու` Լուսինե Գրիգորյանի հետ, կազմակերպեցին գրական-երաժշտական համադրություն: Ներկայացվեցին հատվածներ Չարենցի ստեղծագործություններից, մասնավորապես` սիրո, մոր, հայրենիքի վերաբերյալ, ինչպես եւ բանաստեղծություններ "Տաղարան" շարքից:
20-րդ դարի ճակատը գրականության մեջ կրում է պոետներից մի քանիսի պայծառ անունների դրոշմը, Հայաստանում` Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը եւ, իհարկե, Տերյանը… Այն ամենը, ինչ նրանք թողել են, փարոս է` դարերին միտված մեր ճանապարհին:
Եղիշե Չարենցի գրականությանը շատ են պատշաճում հետեւյալ բառերը, որոնք ոմանց թվում են անիրավազոր, մինչդեռ խոր բովանդակություն ունեն` լավատեսական տրագիզմ: Նա լաց էր լինում,դառնորեն ծիծաղում, զայրանում, բոցավառվում, թրթռում, որոտում` անսասան հավատ ունենալով ժողովրդի ու մարդկության սքանչելի ապագայի նկատմամբ: Այդպիսի պոետներն իրենց ստեղծագործությամբ երկար են ապրում, տարբեր ժամանակ տարբեր ձեւով ընկալվելով` դառնում գալիք սերունդների ուղեկիցը:
Չարենցի մասին լսելով` ակամայից մի պատմություն հիշեցի, որը բոլորովին վերջերս նրա կենսագրական գրքերից մեկում էի կարդացել. "...1915թ. խոր աշուն էր: Ձյուն էր դրել սարերի կատարներին: Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արեւելք գտնվող Թափարիզ լեռան վրայով: Լեռան կատարին, ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ... Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նա եւ վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական: Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սեւ աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը: Այդ զինվոր-հռետորը մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր":
Ահա այսպիսի հանճար է ունեցել հայ ժողովուրդը, որի համար եւ կարող է հպարտանալ:
…Միջոցառումը տպավորիչ էր: Ես հասկացա նաեւ, թե որքան ողբերգական էր նրա կյանքի ավարտը: Չէ՞ որ ընդամենը 40 տարեկան էր, երբ կտրվեց կյանքի թելը: Համենայն դեպս` ինչ որ տվեց` դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ:
Ապրում են եւ կշարունակեն ապրել մեծ բանաստեղծի ստեղծագործությունները: Ու հայ հարկի տակ պատգամի պես միշտ կհնչի նրա "Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում" անզուգական տաղը:
Հարգանք նրա հիշատակին:
Անի Սարգսյան, Կապանի N2 ավագ դպրոցի աշակերտուհի