ՀԱՅԱՑՔ ՍՅՈՒՆԻՔԻՑ
Մտավորականության դերը մեր կյանքում

Նոյեմբերի 23-ին "Ավանգարդ" թերթի խմբագրությունը կազմակերպել էր "կլոր սեղան"` մերօրյա Հայաստանում մտավորականության տեղն ու դերը քննարկելու նպատակով: "Կլոր սեղանին" մասնակցում էին Աստղիկ Գեւորգյանը (ՀՀ ժուռնալիստների միության նախագահ, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ, Երեւան քաղաքի ավագանու անդամ), Դավիթ Մուրադյանը (գրող, կինոգետ, սցենարիստ, Հայկական կինոակադեմիայի նախագահ), Ֆելիքս Բախչինյանը (Հայաստանի "Ֆրիտյոֆ Նանսեն" հիմնադրամի նախագահ), Գրիգոր Ջանիկյանը (գրող-հրապարակախոս, ՀԺՄ "Ոսկե գրիչ" մրցանակի դափնեկիր), Կարինե Խոդիկյանը (դրամատուրգ, "Գրական թերթ" պարբերականի գլխավոր խմբագիր, ՀԺՄ "Ոսկե գրիչ" մրցանակի դափնեկիր), Ներսես Աթաբեկյանը ("02" շաբաթաթերթի գլխավոր խմբագիր), Նաիրա Նահապետյանը (Փոքր հէկերի միության նախագահ, Երեւան քաղաքի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), Արա Երնջակյանը (ռեժիսոր, դրամատուրգ, Երեւանի պետական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երեւան քաղաքի ավագանու անդամ), Լեւոն Իգիթյանը (ճարտարապետ, Երեւան քաղաքի ավագանու անդամ), Միքայել Դովլաթյանը (կինոռեժիսոր), Հովիկ Մուսայելյանը ("Սինոփսիս Արմենիա" ընկերության գործադիր տնօրեն, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ), Համլետ Ասատրյանը (տնտեսագետ), Սամվել Ալեքսանյանը ("Սյունյաց երկիր" թերթի գլխավոր խմբագիր): "Կլոր սեղանը" վարում էր "Ավանգարդ" թերթի գլխավոր խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանը: Քննարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել նաեւ Սամվել Ալեքսանյանը: Ելույթի շարադրանքը` ստորեւ:

Հարգելի ներկաներ

Հարգելի տիկին Ջուլիետ

Ինձ համար հաճելի է տարիներ հետո մասնակիցը լինել պատանեկան ժամանակների մեր սիրած պարբերականի` "Ավանգարդ" թերթի խմբագրության կազմակերպած այս քննարկումին: Եվ ուզում եմ թերթի ստեղծագործական անձնակազմին հաջողություններ ցանկանալ ու հրավիրել Սյունիք` հաջորդ նմանատիպ քննարկումը մեզ մոտ կազմակերպելու համար:

Խմբագրությունն այսօր քննարկման է ներկայացրել մի թեմա, որ հրատապ է, նաեւ հակասական ու վիճելի ընկալման առումով: Այս սրահում, բարեբախտաբար, տեսնում եմ մարդկանց` հանրապետության մտավոր կյանքում ճանաչված անձանց, որոնց օգնությամբ կարող ենք ինչ-որ չափով հստակություն մտցնել մեր պատկերացումներում, ինչ-որ եզրակացությունների հանգել: Բայց Դմիտրի Լիխաչովի տարողունակ ձեւակերպմանը` "Մտավորականությունը հասարակության խիղճն է" (որ մեր "կլոր սեղանի" բնաբան է ընտրվել), կարծում եմ, վերջում պիտի անդրադառնանք: Մինչ այդ երեւի թե պետք է ճշտել մի քանի հարցի պատասխան, ինչը մեզ կմոտեցնի գլխավոր հարցի պատասխանին:

Նախ` ի՞նչ ասել է մտավորական` լեզվական տեսակետից: Տպավորություն ունեմ, որ բառի մեջ (լեզվական իմաստը թողած) ինչ-որ արժեքներ ենք ուզում դնել, ինչպես տասնամյակներ շարունակ: Խոսքարվեստին մոտ կանգնած այսքան մարդկանց ներկայությամբ չեմ հավակնում լեզվական հարցեր արծարծել, բայց չեմ կարող չասել, որ մտավորական բառը, իբրեւ գոյական` առարկայական ու անձնավորված իմաստով հասկացություն, շատ ուշացումով է մտել մեր լեզվապաշարի մեջ: Հայերեն հիմնարար բառարաններում այդ բառը մեր իսկ պատկերացրած իմաստով չունենք (Հրաչյա Աճառյան, "Հայերեն արմատական բառարան", "Նոր բառգիրք հայկազեան լեզուի" եւ այլն): Գրաբարում եւ միջին հայերենում բառն օգտագործվել է այլ իմաստով. հիշենք թեկուզեւ Ռուբեն Ղազարյանի "Գրաբարի հոմանիշների բառարանը": Այսպիսի բացատրության ենք այնտեղ հանդիպում` մտավոր, իմանալի, հասկանալի, մտավորին հատուկ, մտքին հատուկ: Հակառակ վերը նշված բառարանների` ճանաչված բառարանագետ Էդուարդ Աղայանի "Արդի հայերենի բացատրական բառարանում" մտավորական է համարվում մտավոր աշխատանքով զբաղվող, գիտության, տեխնիկայի, մշակույթի բնագավառներից մեկում անհրաժեշտ գիտելիքներ ունեցող մարդը: Եվ ուրեմն` մտավորական բառի լեզվական ճիշտ իմաստը թողած, այդ բառին խորհրդային տարիներին նոր իմաստ ենք ներարկել (մեր լեզվին բնորոշ վիճակ է)` տվյալ էպոխայի պահանջներին համահունչ: Հիմա էլ ուզում ենք վերասահմանել, վերաճշտել բառի նոր` մեր օրերին հատուկ իմաստը, որ շատերի կողմից է քննարկվել ու դեռ քննարկվելու է: Այդ բառի ներկայիս իմաստին ավելի մոտեցած կլինեինք, եթե, օրինակ, Դմիտրի Լիխաչովի նշված արտահայտության փոխարեն օգտագործեինք, ասենք, Հրանտ Մաթեւոսյանի. ընկալումը` "Մտավորականությունը որպես մեր հոգեւոր կյանքի ու վարքի էական բաղադրիչ, հատկանիշ, որակ, եւ մտավորականությունը որպես կաստա, խավ (նախընտրելի է` վերնախավ), որ իրենով չափանիշ է մարմնավորում, դեմք ու դիմագիծ է տալիս իր ժամանակին, իշխանությունն ու հասարակությունն իր առջեւ հաշվետվության մեջ է պահում… …Ցավալի է, իհարկե, որ մենք այդ խավը, այդ վերնախավն այդպես` իր արյունով հայրենիք սահմանող, իր վարքով երկիրը սահմանադրող, - մտավորականության այդ խավը չունենք եւ չենք ունեցել...

…Ավելի ցավոտը, սակայն, մարդկային այդ ազնիվ ու ազնվական որակի անկումն է , այդ հատկանիշի նահանջը...

… Մեր մտավորականությունն ու մտավորականը գուցե հենց հայ մարդն է, հայ գյուղացին` իմ հայրը, իմ պապը, որ այս անտեր աշխարհում տան ե՛ւ տերն էր, ե՛ւ մշակը. այս անթագ-անիշխան երկրի ե՛ւ իշխանն էր, ե՛ւ չոբանը":

Հայ մտավորականի եւ մտավորականության այս բնութագրումին, այս ընկալումին ոչինչ չեմ կարող ավելացնել, քանզի այն ճշմարիտ սահմանումն է մեր պատկերացրած մտավորականի:

Հիմա այն մասին, թե ով, ովքեր են արժեքային այդ համակարգի կրողները մեզանում: Դժվարին այդ հարցին ինքս չեմ հավակնում պատասխանել: Բայց հաճախ ինձ ուզում եմ համոզել, որ այդ ընկալմամբ մտավորականն առաջին հերթին պետք է լինի դպրոցի տնօրենը, մշակույթի հաստատության տնօրենը, բուհի տնօրենը… Բայց հենց որ նրանց տեսնում եմ այս կամ այն կուսակցության կամ պատգամավորի (համայնքապետի) թեկնածուի նախընտրական շտաբում` վազվզելիս, կոկորդը պատռելիս, դոշը ծեծելիս, իմ ցանկությունը հօդս է ցնդում: Երեւի ճշմարիտ մտավորականը չի կարող ապաքաղաքական չլինել, չի կարող ստին մասնակցել: Ցավոք ստացվել է այնպես, որ մի քանի գրքի հեղինակը նույնիսկ կարող է եւ մտավորական չլինել, որ պետական բարձր պաշտոնյան (այդ թվում` պատգամավորը, նախարարը եւ այլն) կարող է մտավորական չլինել: Քանիցս փորձել եմ ինձ համոզել, որ ճշմարիտ, կատարյալ մտավորականի իմ փնտրած կերպարը, օրինակ, Զորի Բալայանն է, բայց այդպես էլ չեմ կարողացել ինձ համոզել: Անընդհատ սպասել եմ, որ մեր մշակույթի նախարարությունը, մեր հեռուստատեսությունը (մանավանդ` հանրային կոչվածը) պետք է թթխմորի դեր խաղան մտավորական դասի ձեւավորման հարցում, բայց… Մշակույթի նախարարությունը հատկապես մարզերի մշակութային առօրյայի հետ (եթե նման առօրյա, իհարկե, գոյություն ունի) որեւէ աղերս չունի: Մշակույթի նախարարությունն իր մերկությունը հերթական անգամ ցույց տվեց վերջերս, երբ ընդունվեց պատմության եւ մշակույթի 63 անշարժ հուշարձանը մարզերից Հայաստանի պատմության թանգարան տեղափոխելու մասին կառավարության որոշումը: Որոշման անտրամաբանականության մեջ համոզվելու համար բավական է հիշել միայն Բղենո Նորավանքի ութ պատկերաքանդակից` մեկ ընդհանրական միտք արտահայտող, մեկ պատկերաքանդակի տեղափոխումը: Ավելի վաղ մշակույթի նախարարությունն իր մերկությունը ցույց տվեց այն ժամանակ, երբ ընդունեց Մեղրու շրջանի Հիգերակ-Ագարակ երբեմնի գյուղի Սբ Ամենափրկիչ եկեղեցին տեղափոխելու մասին որոշումը: Հ1-ի թողարկումներն էլ դիտելիս (հատկապես` լրատվական-վերլուծական) մոլորվում ես, եւ քեզ թվում է` խոսքն ուրիշ երկրի մասին է… Այդ բոլորով հանդերձ` տեսնում եմ շատ մտավորականների, ովքեր, սակայն, միասին վերցրած, առանձին խավ, երեւույթ, գործոն չեն եւ առայժմ չեն կարող լինել, ինչը եւ թույլ չի տալիս, որ մտավորականներն իրական ազդեցություն ունենան հանրապետության ներկա ընթացքի վրա:

Ամեն ինչ Երեւանում կենտրոնացնելու քաղաքականությունը մտավորականների մեծագույն մասին նույնպես կենտրոնացրել է մայրաքաղաքում, որը մեր ազգային բնականոն ընթացքի ակնհայտ շեղումներից մեկն է: Եվ մտավորականների այդ փաղանգը, ցավոք, կտրվել է մարզերից, ասել է թե` իրական Հայաստանից: Ու այդ մտավորականությանը, ըստ էության, դժվարությամբ կարող ենք ազգային համարել: Ավելին, հաճախ այդ մտավորականներն օգտագործվում են կրիտիկական իրավիճակներում` պրովինցիայում ապրողներիս դասեր տալու, "ճշմարտությունը" բացատրելու համար: Երկու տարի ճակատամարտ էր ընթանում (բառի ուղիղ իմաստով) Քաջարան սահմանամերձ գյուղի համար: Կառավարությունն այդ գյուղի վարչական տարածքի մի մասը տվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, թեեւ այդ ընկերությունը տիրապետում է արդյունահանման մոտ երկու հարյուր տարվա պաշար ունեցող մոլիբդենի հանքավայրին (աշխարհի մոլիբդենի մոտ 6-8%-ը պարունակող): Տեղի բնակչությունն ընդդիմացել էր… Եվ ահա այդ պահին այնտեղ է հայտնվում (մեղա քեզ Աստված) Մերուժան Տեր-Գուլանյան անուն մտավորականը, որին (մի քանի րոպե տեւած այցից հետո) հաջորդում է (մայրաքաղաքային լրատվամիջոցներով) նրա պարզաբանումների շարքը: Սովորական ագիտատորի դեր ստանձնած այդ մարդուն հավանաբար թվացել է, թե Սյունիքում անհամբեր սպասում են իր կարծիքին… Այդ ամենը զավեշտալի կլիներ, եթե ողբերգական չլիներ: Կամ` շատ լավ է, որ մայրաքաղաքում ամեն մի ծառ հատելուց, առեւտրի ամեն մի տաղավար տեղահանելուց նաեւ մտավորականները չեն լռում եւ անհամաձայնության խոսք են հնչեցնում: Բայց նույն այդ մտավորականները չգիտեն եւ չեն էլ ուզում իմանալ, թե ինչ է կատարվում Երեւանից դուրս: Իսկ մարզերում լուրջ գործընթացներ են տեղի ունենում` հաճախ շատ մեծ ռիսկեր պարունակող (օրինակ` գյուղապահպանության եւ բնապահպանության ոլորտներում):

Ուզում եմ հիշել մի հանրահայտ ճշմարտություն` պետությունը, ազգը չեն կարող հզոր լինել (բառի բոլոր իմաստներով) առանց ճշմարիտ մտավորականության: Եվ դա պատմության բոլոր հանգրվաններում գիտեին մեր ախոյանները: Մեկ օրինակ. Բյուզանդիայի հռչակավոր կայսր Հուստինիանոս Ա-ն (527-565թթ.) Արեւմտյան Հայաստանը (Բյուզանդական Հայաստանը) հայ ոգուց, հայկականությունից զրկելու եւ հռոմեականացնելու համար նախեւառաջ ձգտում էր վերացնել հայ նախարարական դասը, հայ ազատանին, հայոց ասպետությունը (այրուձին), ասել է թե` հայ ազնվականությունը (այդ դասն էր արժեքային այն համակարգի կրողը, որ այսօր պետք է կրի մտավորականությունը): Թե ինչ հետեւանքներ է ունեցել 536թ. չարաբաստիկ "բարեփոխումը", ինքներդ գիտեք: Եվ նման շատ օրինակներ… Եվ ճիշտ է ասել` առանց հզոր, իրական մտավորական դասի հնարավոր չէ կյանքի կոչել հզոր Հայաստան, ուժեղ պետականություն ունենալու ազգային մեր երազը:

Ինչպիսի՞ն պետք է լինի պետության վերաբերմունքը մտավորականությանը: Երկու օրինակ կամ երեւույթ եմ ուզում հիշել ու համեմատության մեջ դնել, ինչը միգուցեեւ հետեւություն անելու հնարավորություն կտա: Հայաստանի կառավարության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը (1921-25թթ.) նախաձեռնեց եւ անվանի շատ մտավորականների Հայաստան վերադարձրեց` Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Թամանյան, Հակոբ Կոջոյան… Այդպես էր Ալեքսանդր մեծ Մյասնիկյանը երկիրը հայրենիք դարձնում, այդպես էր սկզբնավորում մտավորականության դասը (թեկուզեւ խորհրդային): Վերջին քսան տարում, սակայն, գործ ունենք հակառակ երեւույթի հետ: Կամ` առնվազն մտավորականին իջեցրել ենք իր բնական պատվանդանից ու նրա կրած (կրելիք) արժեքները դարձրել չպահանջված (դա հատկապես երեւում է մարզերում): Այսօր էլ շարունակվում է բարեկիրթ մարդու, մտավորականի վտարումը մեզանից: Այսօր էլ մեր կյանքում տեղի են ունենում իրադարձություններ, տեղ են գտնում երեւույթներ, որոնք մտավորականի, մտավորականության ներկայությամբ չպիտի որ տեղի ունենային, տեղ գտնեին: Այնպես որ ճշտելու, որոշակիացնելու կարիք ունի մտավորականության, մտավոր արժեքների հանդեպ պետական վերաբերմունքը:

Ահա այսքանը, որ ցանկացա ասել: Իսկ Դմիտրի Լիխաչովի արտահայտությունը` "Մտավորականությունը հասարակության խիղճն է", որքան էլ ճիշտ է, որքան էլ խորախորհուրդ է, բայց դեռեւս պահանջված չէ ցավոք: Ինքներս էլ, ըստ երեւույթին (յուրաքանչյուրս մեր տեղում) պետք է նպաստենք մտավորականություն երեւույթի, խավի, գործոնի ձեւավորմանն ու կայացմանը: Ի վերջո մի քիչ էլ ինքներս պիտի լինենք այդ արժեքների կրողը:

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]