Նախ ասենք, որ կաշառքը, հովանավորչությունը եւ պետական միջոցների յուրացումները գոյություն են ունեցել միշտ, քաղաքակրթության ողջ ընթացքում, այսինքն բոլոր այն ժամանակներում, երբ մարդկությունն ապրել է ընտանիքներով, սեփականության ժառանգմամբ, պետական միավորումներով, դասակարգերով, կրոններով:
Գնանք դեպի մեզ շատ սիրելի Աստվածաշունչը:
Ադամի որդիներ Աբելը եւ Կայենը որոշեցին նվերներ տանել Աստծուն: Աստված մեկի նվերը վերցրեց, մյուսինը` ոչ, եւ հետեւանքը` եղբայրը սպանեց եղբորը: Ճիշտ է, ասում են, թե նվեր տալը կաշառք չէ, բայց...
Հետաքրքիր է, այդքան վատ բա՞ն է արդյոք կաշառք տալը եւ վերցնելը, ցանկալի մարդուն հովանավորելը եւ պետական միջոցների յուրացումը. կարծում ենք, որ ոչ:
Հզորացող Հռոմեական պետության ամենամեծ գործիչը եղել է Հուլիոս Կեսարը: Բայց նույն Կեսարը Հռոմում առաջին կոնսուլ ընտրվելու համար պրովինցիաներից այնքան ոսկի բերեց ընտրակաշառք տալու համար, որ մայրաքաղաքում ոսկին արծաթից էժանացավ: Ինչ վերաբերում է պետական գանձարանի տնօրինմանը, այն համարյա ամբողջությամբ գտնվում էր կայսրի, շահի, սուլթանի, խանի, թագավորի, ցարի տնօրինության տակ:
Ասում են, թե բոլոր ժամանակների ամենամեծ կաշառակերներից էր մեծն Բոնապարտի արտաքին գործոց նախարար Շառլ Թալեյրանը: "Վերցրել ես, կատարիր, չես կարող կատարել, ուրեմն վերցրածդ հետ տուր". այսպիսինն էր ազնիվ կաշառակերի կարգախոսը: Եվ դժվար թե մեկ այլ ֆրանսիացի իրավունք ունի ասելու` ես Ֆրանսիայի համար արել եմ ավելին, քան Թալեյրանը:
Վիեննայի կոնգրեսում նա կռվացրեց դաշնակիցներին` փրկելով երկիրը մասնատումից եւ Ֆրանսիայի անկախությունը:
Մեծ կայսրուհի Եկատերինա II–ը պետական ունեցվածքից բաժին էր հանում իր հովանավորյալներին ու սիրեկաններին, բայց դա չխանգարեց, որ նա մեծ, դրական գործեր անի Ռուսաստանի համար:
Կաշառատուն մի առիթով Նիկոլայ I–ին ասում է. "Տեր իմ, ես Ձեզ կտամ հինգ հազար ոսկի եւ այդ մասին ոչ ոք չի իմանա": Նիկոլայ I–ն առանց այլեւայլության պատասխանում է . "Տվեք ինձ տասը հազար ոսկի եւ պատմեք` ում ուզում եք":
Հարավկորեական մեծ թռիչքի ժամանակ, երբ քսան տարում տասնյակ անգամներ ավելացավ երկրի համախառն արտադրանքը, երկու հայրենասեր նախագահներն էլ ամենեւին զերծ չէին կաշառք կոչված աստվածային երեւույթից:
Կոմունիստական իշխանության տարիներին ուրախ անեկդոտ կար. մի հանդիպման ժամանակ խոսք գնաց, թե կաշառքը հնարավոր չէ վերացնել: Ն. Խրուշչովն ասաց. "Ի՞նչ կտաք ինձ, եթե ես մեր երկրում կաշառքը վերացնեմ":
Քաղաքակրթության շատ ժամանակահատվածներում գործել է Վլադիմիր Լենինի ասածը. "Նա, ով գողանում է մի կտոր հաց, նրան սպասում են ոստիկանն ու բանտը, ով գողանում է երկաթուղի, նրան սպասում է նախարարի պորտֆելը":
Կաշառքը, հովանավորչությունը եւ պետական բյուջեի հափշտակությունը ոչ միայն քաղաքակրթության մշտական ուղեկիցներն են, այլեւ շարժիչ ուժը:
Կա մի շատ պարզ ճշմարտություն, վերը նշված երեք "արտասովոր" երեւույթների դեմ շատ խոսողների եւ պայքարողների նպատակը ոչ թե դրանք վերացնելն է , այլ` "ինչու Պողոսը եւ ոչ ես" իրավիճակին հասնելը:
Այո, կգան ժամանակներ, երբ նման երեւույթներ չեն լինի, բայց այդ ժամանակներում չեն լինի պետություններ, ընտանիքներ, ազգեր, լեզուներ, կրոններ եւ սեփականության ժառանգում. մարդկությունը դուրս կգա քաղաքակրթությունների շրջանից:
Կ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ,
Լ.ԴԱՎԹՅԱՆ
Կապան