ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ կենսաբան Լիլիթ Բաբայանը` երկու ձեռնարկի հեղինակ

Նոյեմբերի 23-ին կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում տոնական տրամադրություն էր, որի առիթը Լիլիթ Բաբայանի եւ Ջոզեֆ Հեֆրոնի հեղինակած գրքերն էին` "Գիտական փառատոն Կապանում" եւ "Բնապահպանական կրթության ձեռնարկ ուսուցիչների համար": Մինչ գրքերը հրատարակելը Լիլիթ Բաբայանը 2010թ. մայիսին կազմակերպել էր գիտական փառատոն, որին մասնակցել են Կապանի եւ Մեղրու տարածաշրջանի եւ՛ ուսուցիչները, եւ՛ աշակերտները, ովքեր էլ մեծ ավանդ ունեցան ձեռնարկների նյութի պատրաստման գործում: Գրքերի հեղինակները փորձել են նաեւ գիտական մեթոդը ներդնել որպես ուսուցման մեթոդ, եւ որպեսզի այդ մեթոդը կայանար, անպայման պետք է կազմակերպվեր գիտական փառատոնը, որի ժամանակ աշակերտները ներկայացրել են այն աշխատանքները, որոնց վրա վեց ամիս շարունակ աշխատել են: Լ.Բաբայանն իր եւ Ջ.Հեֆրոնի հեղինակած գրքերը մեր ժամանակաշրջանի համար անհրաժեշտություն է համարում, ասելով. "Դպրոցներում բնագիտական առարկաները` աշխարհագրությունը, բնագիտությունը, կենսաբանությունը չունեն գործնական ուղղվածություն, ընդամենը գրքերում մեկ, երկու օրինակ է դրված: Այս ամենին գումարած գործնական աշխատանքների համար չունեինք նաեւ մեթոդական գրականություն, եւ հենց այդ պատճառով էլ փորձեցինք բոլոր գիտական մեթոդները բերել ուսումնական դաշտ, փորձարկել, ցույց տալ նաեւ ուսուցչին, քանի որ նրանք պետք է ունենան գործնական աշխատանքը գնահատելու կարողություն: Այն աշխատանքները, որոնց վրա ամիսներով չարչարվել են մեր աշակերտները, որոշեցինք հավաքել մեկ գրքի մեջ եւ հրատարակել, որպեսզի դրանք պահպանվեն եւ օրինակ ծառայեն նաեւ գալիք սերնդի համար": Գրքերի հրատարակման ֆինանսավորումը կատարել է ամերիկյան դեսպանատունը` տրամադրելով յոթ հազար դոլար: "Գիտական փառատոն Կապանում" գրքի մեջ ներկայացված բնագիտական փորձերն իրականացնելու համար դպրոցներին նույնիսկ անհրաժեշտ չէ հզոր լաբորատորիա ունենալ: Հիմնականում այնպիսի աշխատանքներ են, որոնք կարելի է իրականացնել գործունեության տարբեր ձեւեր կիրառելով, մեծ եւ փոքր խմբային աշխատանքներով, տարբեր վայրերում` դասասենյակում, համակարգչային սենյակում, լաբորատորիայում` բակում, էքսկուրսիայի ժամանակ:

ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]