"ԿԵՆԳՈՒՐՈՒ-2012"
Խնձորեսկի դպրոցականներն արժանացան մրցանակի

Խնձորեսկը պատմական գյուղ է` պատմական անցյալով եւ նույնքան պատմական դպրոցով: Լավ դպրոցը լավ ուսուցիչների, նրանց պարտաճանաչ եւ հետեւողական աշխատանքի արդյունք է, իսկ լավ դպրոցի եւ ուսուցչի շնորհիվ ունենում ենք կիրթ, գիտակից, հասուն աշակերտներ, ովքեր պետք է դառնան մեր երկրի ապագան կերտողները:

Խնձորեսկի միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր լուսաբացն սկսվում է արարումով, նորի, գեղեցիկի ծննդով…

Դպրոցի տնօրեն տիկին Վալենտինա Բալայանն իր աշխատանքով, դպրոցի նկատմամբ սրտացավ վերաբերմունքով, իր անձնական օրինակով խթանում է կոլեկտիվի ստեղծագործ աշխատանքը: Տնօրենի ուշադրության եւ ուսուցիչների անաչառ աշխատանքի շնորհիվ է, որ դպրոց եկող հաղթանակների (թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների ) թիվն օրեցօր ավելանում է:

Մեր դպրոցի սաներն ակտիվորեն են մասնակցում հանրապետությունում անցկացվող բոլոր մրցույթներին եւ օլիմպիադաներին: Հաղթանակներ ենք ունեցել ասմունքի, շարադրությունների, ռազմա-մարզական մրցապայքարներում, մեր աշակերտները հաղթել եւ առաջին, երկրորդ տեղեր են զբաղեցրել հանրապետական մրցույթներում, օլիմպիադաներում:

Այս տարի արդեն հաղթող ունեցանք նաեւ մաթեմատիկական մրցույթում:

Մարտի 15-ին Հայաստանում արդեն չորրորդ անգամ անցկացվեց "Կենգուրու" միջազգային մաթեմատիկական խաղմրցույթը` բոլոր մարզերի եւ Արցախի դպրոցների 35672 աշակերտի մասնակցությամբ: Մեր դպրոցի աշակերտները նույնպես մասնակցեցին այդ մրցույթին (ոչ առաջին անգամ)` հաղթանակի ակնկալիքով: "Կենգուրու -2012" մրցույթի 448 մրցանակակրի մեջ էին խնձորեսկցի 4-րդ դասարանցիներ Փանդունց Նարեն եւ Փանդունց Սերյոժան: Երկուսն էլ արժանացան հատուկ մրցանակի: Իսկ Սերյոժան, որ Սյունիքի տարածաշրջանում ճանաչվելով լավագույնը, Երեւանում հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Արդեն ավանդույթ է դարձել, որ նախագահն իր նստավայրում հյուրընկալում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականներին եւ "Կենգուրու-2012" միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրներին: Փոքրիկ խնձորեսկցին էլ, մասնակցելով ավանդական դարձած այդ հանդիպմանը, սեղմեց նախագահ Ս.Սարգսյանի ձեռքը` խոստանալով շա՜տ աշխատել, կրկին հաղթել, որպեսզի հնարավորություն ունենա երկրորդ անգամ հանդիպել նրա հետ: Սերյոժան նախագահից ստացավ "լավագույն" մրցանակը եւ մեծ տպավորություններով ու կրկնապատկված եռանդով վերադարձավ հայրենի Խնձորեսկ: Նա իր տպավորությունները եւ ոգեւորությունը կիսեց ուսուցիչների, ընկերների հետ, իսկ ձեռքին հպարտությամբ բռնել էր մի լուսանկար, որտեղ ՀՀ նախագահը, կրթության եւ գիտության նախարարն ու ինքը միասին են…

Վերջերս շնորհակալագրի արժանացան նաեւ դասվարներ Էմմա Ղազարյանն ու Ալվարդ Բուդաղյանը, տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Կարինե Շահնազարյանը ("Այբ" կրթական հիմնադրամի կողմից), հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Ակունցը (Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից), զինղեկ Արմեն Բուդաղյանը (ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից), տնօրեն Վալենտինա Բալայանը ( ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից)…

Ողջունելի է, որ մանկավարժի աշխատանքը գնահատվում-խրախուսվում է: Չէ՞ որ հիմա առավել դժվար է ուսուցչի աշխատանքը: Ո՛չ միայն փոխվել է դարի պահանջը, այլեւ փոխվել է այսօրվա աշակերտի աշխարհընկալումը, ա՛յլ է նրա պատկերացումը կյանքի եւ ազգային արժեքների նկատմամբ: Խնձորեսկի դպրոցի կոլեկտիվը հայեցի դաստիարակությամբ փորձում է աշակերտներին հեռու պահել դարի աղտեղություններից, համաճարակի պես արագ տարածվող վատ սովորություններից եւ նրանց մեջ արմատավորել բարին, ազնիվը , վեհն ու գեղեցիկը…

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Խնձորեսկի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]