ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
Հիմա Կոռնիձորում արշալույսները խաղաղ են բացվում

"1919 թ ձմեռնամուտին Բաքվի կոմունան կործանած թուրքական զորքերը փորձված դահիճ Նուրի փաշայի գլխավորությամբ հարձակվում են Զանգեզուրի վրա: Այդ բանակի քսան հազարանոց մի ճյուղ գրոհում է Կոռնիձորի վրա: Գյուղի քահանա տեր Գրիգորը` իր չորս որդու հետ դիրքեր է բռնում թուրքերի դեմ, մինչեւ լեռների մյուս գյուղերից գալիս են ինքնապաշտպանության ջոկատները եւ թշնամուն ջախջախելով հետ շպրտում":
Սերո Խանզադյան

Քահանա տեր ԳՐԻԳՈՐՆԵՐԸ Կոռնիձորի պատմությունում միշտ եղել են ու սխրանքներով լեցուն էջեր թողել սերունդներին: Ու սերունդներն այդ չեն պարծեցել նրանց քաջագործություններով, այլ ընդունել են ի գիտություն, ներշնչվել նրանցով, եւ երբ եկել է հատուցման ժամը, միավորվել են եւ թշնամուն իր տեղը դրել: Այդպես էր նաեւ արցախյան շարժման ժամանակ: Իսկ Կոռնիձորն Արցախի քթի տակ է: Թե մի պինդ փռշտաս, Արցախում կլսեն: Գյուղի թոնրի լավաշի բույրը Արցախ է հասնում: Երբ Արցախն անկախության դրոշ պարզեց` գազազած ադրբեջանցիները հարձակվում էին կոռնիձորցիների վրա, խոշտանգում հովիվներին: Ու հետո` առաջին զոհը` ուջանցի միլիցիոներ Նորիկը, որ եկել էր պաշտպանելու խաղաղ բնակիչներին: Կոռնիձորը պինդ ոսկոր էր թշնամու կոկորդում:

Անդրանիկ Հայրապետյան. Կոռնիձորի ինքնապաշտպանական ջոկատի անդամ. "Հավաքվեցինք, ջոկատ կազմեցինք: Կռվում էինք որսորդական հրացաններով: Հետո տղերքը զենք բերեցին, լավ զինվեցինք ու կռվելով հասանք մինչեւ Հորադիզ":

Ռաֆիկ Բալասանյան, Կոռնիձորի բնակիչ. "Իմ հինգ տղան էլ դարձան կամավոր: Ես էլ էի նրանց օգնում: Նրանցից Ազնիվը զոհվեց: Կռիվ է, կռվում փլավ չեն բաժանում: Այսօր սփոփվում եմ նրանով, որ տղայիս անունով է կոչվում Կոռնիձորի միջնակարգ դպրոցը":

Արամ Թորգոմյան, "Արամո" ջոկատի հրամանատար. "Զոհված ուջանցի Նորիկի գերեզմանին երդվեցինք ամուր պահել Կոռնիձորը, շարունակել նրա գործը: Երբ մտանք Կոռնիձոր, ժողովուրդը մեզ դիամավորեց ցնծությամբ: Մի օր լուր ստացանք, որ խորհրդային բանակի զորքերը գալիս են Կոռնիձոր` ֆիդայիներին զինաթափելու եւ գերեվարելու: Ժողովուրդը մեկ մարդու պես տեր կանգնեց մեզ: Նրանք թաքցրին եւ մեզ, եւ զենքերը: Գյուղ ու ֆիդայիներ ուս ուսի տված կռվեցինք, չտվինք Կոռնիձորը եւ թշնամուն ոչ միայն հետ շպրտեցինք, այլեւ նրան ստիպեցինք նահանջել կամ հանձնվել:

Հիմա Կոռնիձորում արշալույսները խաղաղ են բացվում: Ու գյուղում հանդիսություն է: Տեղադրվում է խաչքար` ի հարգանք Կոռնիձորի պաշտպանների:

Սուրիկ Խաչատրյան, Սյունիքի մարզպետ. "Այս խաչքարի տեղադրումը մեկ անգամ եւս հիշեցնում է 1988-1994 թվականները, այն ծանր, դժվարին, բայց պատվավոր ուղու մասին, որ անցանք: Դա այն ճանապարհն է, որով պիտի հաստատեինք մեր ինքնությունը, թեւ տայինք մեր ապուպապերի երազանքներին եւ շարունակեինք նրանց կիսատ գործը: Այդ առաքելությունը մենք պատվով կատարեցինք եւ այսօր հպարտանում ենք բոլորս: Եվ այսօր ասում ենք` արժանի ենք մեր ապուպապերին: Կոռնիձորցին արժանի է լավ ապրելուն, երջանիկ ապրելուն: Այդ իրավունքը նրան տվել են իր զավակները, ովքեր մահու եւ կենաց կռիվ մղեցին հանուն մայր հողի եւ հավաստեցին, որ Գրիգոր տեր քահանաներն իրենցից յուրաքանչյուրն է":

Խաչքարի տեղադրումը նախաձեռնել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը եւ Արցախյան ազատամարտի կոռնիձորցի մասնակիցները:

Միջոցառման ժամանակ մեդալներ հանձնվեցին կոռնիձորցի մի խումբ ազատամարտիկների:

2012թ. նոյեմբերի 18-ին տեղի ունեցած միջոցառումը, որ համեմվում էր երգ-երաժշտությամբ, Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի արժեւորման, զոհված ազատամարտիկներին, կռված տղաներին հիշելու, գնահատելու մի յուրօրինակ փաստ-վավերագիր էր:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]