ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՏԵՐ-ԳՐԻԳՈՐ ՔԱՀԱՆԱ

Անդրանիկն արդեն հեռացել էր Զանգեզուրից, որից էլ օգտվելով, թուրք ասկյարները հաճախ կռիվներ էին հրահրում, ձգտում ներխուժել լեռնաշխարհի խորքերը։ Տեր-Գրիգորը գյուղի եկեղեցում էր, երբ հեւիհեւ ներս ընկավ մի պատանի եւ հայտնեց, որ Բարկուշատի ձորը լցվել է ասկյարներով։

- Մո՞տ են, - հարցրեց քահանան` հանգստացնելով տագնապած տղային։

- Չէ, Հագարուի էն ափին, - ձեռքը մեկնում է պատանին։ Տեր-Գրիգորը թռավ ձիու թամբին եւ տղային պատվիրելով տուն գնալ, սլացավ տափարակի կողմը` կտրելով ձորի վերելքը։

Թուրք-ասկյարները վրաններ էին խփել գետի հակառակ ափին, մորեխի պես փռվել կանաչ հարթության վրա։ Տեր-հայրն ասես վախեցավ, ապա մտածեց, որ տեղի ուժերով դրանց դեմն առնել չի լինի։ Ձին թեքեց, շտապեց քաղաք, մտածելով. - "Մերդ չմեռնի, Անդրանիկ, ո՞ւր ես, է՜..."։

Նժույգը սանձեց Գորիսի սալահատակ հրապարակում եւ ինչքան ձայն ուներ, կանչեց.

- Լսեցե՛ք, լեռնցինե՛ր, եթե վաղը մենք չհաղթենք թշնամուն, ապա կգնանք ու կջարդենք Միրումյանների դեղատան դռները, եղած թույնը կտանենք, կբաժանենք մեր երեխաներին ու կանանց, ինքներս էլ կխմենք ու կկոտորվենք, թուրքի սրին զոհ չդառնալու համար...

Այսուայնտեղից հավաքվեցին, խմբվեցին քահանայի շուրջը, եկան նաեւ հրացանավոր երիտասարդներ, ասացին.

- Ուղեկցիր մեզ, տեր-հայր, եւ օրհնիր, որ ոչ մի փամփուշտ իզուր չկրակենք...

Քաջասիրտ այր էր քահանան, միշտ զենք ու զրահով, բազում անգամ կռվի ելած, երիտասարդներին գոտեպնդող ու հետեւից տանող։ Նրա անունը հայտնի էր բոլորին եւ ամենուր` նույնիսկ թուրքին։

Բայց ահա 1921թ. ամռանը, երբ կարմիրները մտան գյուղ, նրան ձերբակալեցին։ Տաս-տասնհինգ մարդ էին։ Տանում էին անհայտ ուղղությամբ։ Գիշեր էր, բայց քահանան նրանց մեջ ճանաչեց Զախար Դավթյանին` գորիսեցի խիզախ մի մարդու, եւ շշնջաց ականջի տակ.

- Զախա՞ր... ես եմ` Գրիգորը... Այս ո՞ւր են մեզ քշում։

- Կարծես Քաշաթաղքի կողմը... Առջեւում գետն է։

- Իսկ մյուսներն ովքե՞ր են։

- Չգիտեմ, անծանոթ են։

Բռնվածներին հրմշտոցով խցկեցին մի քարայր եւ սկսեցին գնդակոծել։ Վայնասունն ընկավ շրջապատը։

- Անօրեն, արյունախում շնե՜ր, - գոռաց Տեր-Գրիգորը, - բա դուք օրենք, դատարան չունե՞ք։

Ձայնը խլացավ եւ ընկավ` ինչ-որ մեկին զարնվելով։

Կրակոցների որոտները մարեցին ժայռածերպերում։ Զինվորները ստուգեցին` բոլո՞րն են մեռած, ապա սկսեցին քարերով պատել քարայրի մուտքը։

Տեր-Գրիգորը բացեց աչքերը։ Չիմացավ` խոցվա՞ծ էր, մեռա՞ծ... Միայն մարմինն էր կոտրատվում, եւ նվվում էր գլուխը։ Նա ընկած էր ինչ-որ ծանր, անշնչացած մարմնի տակ։ Մի կողմ հրեց, բարձրացավ, զննեց մյուսներին` գուցե էլի՞ կան ողջ մնացած կամ վիրավոր։ Բոլորը մեռած էին։ Իսկ Տեր-Գրիգորն ընկել էր դիակների տակ ու փրկվել։

Նա վեր բարձրացրեց կրծքին կախված արծաթազօծ խաչը, համբուրեց ու նայելով ընկածներին` խաչը պահեց նրանց վրա եւ ինչ-որ բաներ մրմնջաց։ Հետո քանդեց պատը` մի անցք բացելով, եւ դուրս եկավ։

Շրջապատը խաղաղ էր։ Երկինքը` պարզկա ու աստղոտ։ Քիչ հետո սարի թիկունքից պիտի ելներ լուսինը։ Ինչ-որ հրաշք էր կատարվել, մնացել էր կենդանի եւ ասես դեռ չէր հավատում տեսածին, որից եւ ավելի վախեցավ։ Ապա ասես սթափվեց գլուխը խցկվող տարբեր մտքերից, ինքն իրեն գոտեպնդեց ու քայլեց առաջ։ Նա ուշադիր զննում էր շրջապատը, ձգտում որոշել, թե որտեղ են իրենց բերել անօրենները։ Հետո, երբ հասավ գետի կամրջին, հասկացավ.

- Ավդալլարի Ծակերն են, այնտեղ են ընկած տղաները։

... Երկրորդ անգամ Տեր-Գրիգորին ձերբակալեցին ստալինյան բռնության տարիներին, երբ նա ապրում էր Միջին Ասիայում։ 1937թ. ամառն էր։ Եկան, խուզարկեցին, քարուքանդ արին տունը։

- Խա՞չս եք փնտրում, - բարկացած վրա բերեց Տեր-հայրը, - հրես` վզիցս կախ։

Դաժան աչքերով չեկայի մի զինվորական այն թափով պոկեց Գրիգորի վզից, խփեց գետնին ու սկսեց ատելությամբ սապոգով տրորել։

- Վա՜յ քեզ ծնողին, վա՜յ քեզ քրիստոնյա ասողին, - չհամբերեց Գրիգորը, - բա մարդ իր կրոնը ոտնատակ կտա՞... Կրոնն ու մայրը, հայրենիքը մի բան են, անաստվա՜ծ...

- Լռի՛ր, Անդրանիկի շուն, - ոռնում է խաչ կոխկրտողը, - դու պիտի սատկեիր դեռեւս Լաչինի Ծակերում։

Ասում են, որ զորավար Անդրանիկին "շուն" անվանելուց հետո Տեր-հայրը չի դիմացել, զայրույթից այնպես է հարվածել զինվորականին, որ նա ուշաթափ տապալվել է գետնին։ Դրսից ներս են խուժել ուրիշ զինվորականներ, ոլորել Գրիգորի ձեռքերը, կապկպել ու նետել սեւ մեքենայի թափքը։

Այլեւս նա չի վերադարձել...

ԷԴՈՒԱՐԴ ԶՈՀՐԱԲՅԱՆ

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]