ՍՅՈՒՆԵՑԻ ԲԱՐԵՐԱՐՆԵՐ
Եկել էր բարերարին մեծարելու ժամանակը

Մոսկվայաբնակ գործարար Միշա Մարգարյանի (1959-ից բնակվում է ՌԴ մայրաքաղաքում) բարերարություններին մեր թերթն անդրադարձել է նախորդ տարվա սեպտեմբերի 15-ի համարում "Եվս մի նորոգ եկեղեցի" հրապարակման մեջ: Նրա հովանավորությամբ վերանորոգվել եւ հավատացյալների առջեւ իր դռներն էր բացել Բեխ գյուղի Սբ Գեւորգ եկեղեցին: Բայց ավելի բազմաթիվ են հայրենի Արծվանիկում իրականացրած բարեգործությունները (այս մասին եւս թերթը նույն համարում անդրադարձել է): Միշա Մարգարյանի հատկացրած միջոցներով, մասնավորապես, նորոգ տեսք է ստացել Արծվանիկի գյուղապետարանը:

Նոյեմբերի 24-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ նորոգ շենքի բացումը, ինչը նաեւ պատեհ առիթ էր մեծարելու համագյուղացի բարերարին: Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանը հակիրճ ներկայացրեց 2003 թվականից ի վեր Միշա Մարգարյանի հովանավորությամբ համայնքում իրականացված գործերը, մասնավորապես նշելով, որ գործարարը 55-60 մլն դրամի ներդրում է արել հայրենի գյուղում: Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանն իր խոսքում ընդգծեց այն միտքը, որ Մ.Մարգարյանը խոշոր բիզնեսներ չունի, բայց հոգու պարտք է համարում իր անձնական խնայողություններից մասհանումներ անել` ծննդավայրում որեւէ սոցիալական խնդիր լուծելու նպատակով: Այս ամենը դուրս չի մնացել մարզի ղեկավարության տեսադաշտից: Վաչե Գրիգորյանը հրապարակեց Սյունիքի մարզպետի որոշումը, ըստ որի Արծվանիկ համայնքում պատմամշակութային արժեքների վերականգնման, համայնքի զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման գործում ներդրած ավանդի եւ մատուցած նշանակալի ծառայությունների համար Միշա Մարգարյանը պարգեւատրվել է "Ակսել Բակունց" հուշամեդալով:

"Ղարաբաղ եւ Զանգեզուր` մայր եւ որդի, բռնագաղթածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցում" հասարակական կազմակերպության նախագահ Սիրվարդ Գալստյանը, բարերարի զարմիկ Լեւոն Սահակյանը երախտագիտություն հայտնեցին Սյունիքի մարզպետարանին` Միշա Մարգարյանի վաստակը գնահատելու համար եւ բարեմաղթանքի խոսքեր հղեցին: Գյուղաբնակների միապաղաղ առօրյան խախտեցին Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի սովորողների երաժշտական եւ պարային կատարումները:

"Ինչպե՞ս եք գնահատում Արծվանիկի վիճակը", – միջոցառման ավարտին հարց ուղղեցի Մ.Մարգարյանին: "Երբ ապրում էի գյուղում, մարդիկ բոլորովին այլ էին, այժմ իմ ճանաչած մարդիկ չեն, փոխվել են, բայց ոչ դեպի լավը", – ցավ հայտնեց զրուցակիցս եւ հավելեց, որ իր ցանկությունն ու ձգտումն այն է, որ արծվանիկցիներն ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]