Նոյեմբերի 13-ին Աշոտ Հայրապետյանն անցել է Կապանի քաղաքապետի պարտականությունների կատարմանը: Քաղաքապետարանի աշխատակազմին նրան ներկայացրել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նույն օրը պաշտոնակալության արարողություն էր նաեւ Մեղրիում: Նորընտիր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը:
Սկսվել է ՀՀ զինված ուժերի աշնանային թարմացման գործընթացը: Նոյեմբերի 22-ին Կապանում տեղի ունեցավ աշնանային զորակոչի անդրանիկ հավաքը: Հայրենիքի ապագա պաշտպաններին արժանապատվորեն ծառայելու պատգամներ տվեցին Կապանի զինկոմ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, երկրորդ աշխարհամարտի մասնակից Հրաչիկ Հայրապետյանը: Միջոցառման ավարտին Կապանի զինկոմ Լ.Գրիգորյանը զորամասից եկած երեք շնորհակալական նամակը հանձնեց զինվորների ծնողներին: Սիսիանում զորակոչի անդրանիկ հավաքը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, Գորիսում` նոյեմբերի 21-ին, Մեղրիում` 26-ին:
Նոյեմբերի 15-ին "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲ ընկերությանը պատկանող պոչամբարի խողովակաշարում վթար է տեղի ունեցել: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի տվյալներով վթարի պատճառով շրջակա միջավայրին հասցվել է 2 մլն 880 հազար դրամի վնաս: Վթարի պատճառով պոչամբարից արտահոսք է տեղի ունեցել Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհի առաջին կիլոմետրում, որի հետեւանքով աղտոտվել է 288 քմ հողատարածք: "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲԸ աշխատակիցներն անմիջապես վերացրել են վթարի հետեւանքները, արտահոսած թափոնները կրկին տեղափոխել պոչամբար:
Նոյեմբերի 23-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Կապան-Երեւան ճանապարհի 1-ին կմ-ին կանգնեցրել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Աբրահամ Աբրահամյանի վարած "ԿամԱԶ" մակնիշի ավտոմեքենան, որի թափքի զննությամբ հայտնաբերվել է 24.9 խմ վառելափայտ եւ 3.64 խմ շինափայտ` համապատասխան ուղեկցական փաստաթղթերով: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրն Աբրահամյանը նշված փայտանյութը գնելու համար ՀՀ գյուղնախարարության "Հայանտառ" ՊՈԱԿ-ի "Կապանի անտառտնտեսություն" մասնաճյուղի դրամարկղ 205 հազար դրամ ըստ անդորրագրի վճարելուց բացի, նույն մասնաճյուղի "Առաջաձորի անտառպետության" անտառապետ Անդրանիկ Հայրապետյանին տվել է եւս 105 հազար դրամ: Անդրանիկ Հայրապետյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն:
Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին Գորիսում տեղի ունեցավ Սյունիքի մարզի լրագրողների սեմինար-խորհրդակցություն` նվիրված ժուռնալիստների անվտանգության եւ իրավունքների պաշտպանությանը: Սեմինար-խորհրդակցության ընթացքում տեղի ունեցավ Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի եւ Հայաստանի ժուռնալիստների միության համատեղ ջանքերով հրատարակված "Կառավարել ռիսկերը. ձեռնարկ լրատվամիջոցների աշխատողների համար" գրքի շնորհանդես: Այնուհետեւ մարզի մի խումբ լրագրողներ (այդ թվում` "Սյունյաց երկիր" թերթի խմբագրի տեղակալ, լրագրող Վահրամ Օրբելյանը) պարգեւատրվեցին Հայաստանի ժուռնալիստների միության "Հավատարիմ մասնագիտությանը" ոսկե մեդալով: Սեմինար-խորհրդակցությունը վարում էր ՀԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանը:
Վերջին շրջանում դանակահարության ելքով են ավարտվում նաեւ դպրոցականների միջեւ ծագած վիճաբանությունները: Նոյեմբերի 20-ին նման դեպք է գրանցվել Գորիսում: Ակսել Բակունցի անվան N 1 ավագ դպրոցում 11 եւ 12-րդ դասարանի երկու աշակերտ դպրոցի միջանցքում վիճաբանել են, որի ընթացքում 12-րդ դասարանցին դանակահարել է "հակառակորդին", ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնել են, որ վնասվել է աշակերտի սրունքը: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների բնակիչներին որակյալ մասնագիտական բուժօգնություն ցույց տալու նպատակով Ս.Մալայանի ավան ակնաբուժական կենտրոնի եւ "Էրեբունի բժշկական կենտրոնի" մասնագետները (մանկաբարձ-գինեկոլոգ, նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան եւ ներզատաբան) այցելեցին Սյունիք: Մասնագիտական խորհրդատվությունը եւ բուժօգնությունն իրականացվեց բժշկական կենտրոնների պոլիկլինիկական մասնաշենքերում` անվճար:
Նոյեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը "Փաստինֆո"-ի թղթակցին տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, ինչից հետո դադարեցվել է նրա նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Առայժմ հայտնի չէ, թե ինչի համար էր Էդիկ Հովսեփյանի հանդեպ հարուցվել կարգապահական վարույթ: Հայտնի չէ նաեւ, թե մարզի դատախազի տեղակալի պաշտոնազրկումը որքանով է առնչվում 2010թ. օգոստոսի 28-ին Քաջարան քաղաքում սպանված Գրիգոր Պապյանի գործի հետ, որի վերաբերյալ վերաքննություն է ընթանում, որի վերահսկող դատախազը՝ նախաքննության եւ դատաքննության փուլում, ինքն է եղել:
Նոյեմբերի 28-ին Կապանի N6 հիմնական դպրոցում կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Ցերեկույթը կազմակերպել էին դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմինե Հարությունյանը եւ երաժշտության ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը: