ԼՈՒՐԵՐ

Ըստ մայրաքաղաքային լրատվամիջոցների` Սերժ Սարգսյան - Գագիկ Ծառուկյան բանակցություններում քննարկման առարկա է դարձել նաեւ Սյունիքի մարզի կառավարումը ՀՀԿ-ից ԲՀԿ-ին փոխանցելու հարցը: Դրան հաջորդած բուռն հայտարարություններն ու հերքումները, սակայն, շրջանցել են այդ կապակցությամբ Սյունիքում հնչող արձագանքները: Իսկ Սյունիքում մեծագույն տհաճությամբ են վերաբերվում մարզը հերթական անգամ ինչ-որ մեկ կամ երկու ընտանիքի ոտքերի տակ մատաղ անելու մասին ցանկացած խոսակցության:

Slaq.am-ը հոկտեմբերի 26-ին հրապարակել է Մաքսիմ Հակոբյանի հերթական մարգարեությունը: Լրատվամիջոցի հարցին` արդյո՞ք ճիշտ է հանքավայրերի անկանոն շահագործումը` նկատի ունենալով, որ պղինձն ու մոլիբդենն էլ մեր ազգային հարստությունն են, նա ասել է. "Էտ ովա տենց բան ասում: Էտ ինչ խելոք բան են ասում: Էտ ասողներին քշեք բերեք ինձ մոտ` էտ ոչխարներին, ով տենց բան ա ասում, ես նրանց հակառակը ապացուցեմ, որ բութ են նրանք: Ուրեմն ես ձեզ մի բան ասեմ. Հայաստանում պղնձի հանքավայր չկա, որը շահագործելու ենթակա լինի: Ի բարեբախտություն մեզ, կան մի քանի բաներ, որ մենք կարողանում ենք դրա հաշվին պղինձը ընդերքից հանել: Մենք հանք չունենք, էտ սուտ են ասել: Հայաստանում հանքեր չկան":

Ինչպես տեղեկացնում են մայրաքաղաքային թերթերը` Մաքսիմ Հակոբյանը վերջերս (ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ) բարձրացրել է Սյունիքի մարզպետի պաշտոնանկության հարցը: Ավելի ուշ նա հերքել է այդ տեղեկատվության հավաստիությունը: Սուրեն Խաչատրյանն էլ "շատ նորմալ է" համարել Մաքսիմի հետ ունեցած հարաբերությունը եւ ավելացրել. "Չէ, նման բան չի կարող լինել, երբեք: Ես չգիտեմ նախագահի հետ հանդիպում ունեցել է, թե` ոչ, կարող է իր գործերով նախագահի հետ հանդիպել է, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ Մաքսիմ Հակոբյանի մոտ իմ հրաժարականը պահանջելու վերաբերյալ միտք երբեք չի ծագի":

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի վերաբացման արարողությունը, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը, "Դինո Գոլդ մայնինգ քամփնի"-ի վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանը, հոգեւորականներ, հյուրեր: Կիրակնօրյա դպրոցը տարիներ առաջ եւս բացվել էր, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով` փակվել: Այն գործում է Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու ենթակայությամբ, վերանորոգվել է "Վորլդ Վիժն" Հայաստանի, Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի եւ "ԶՊՄԿ" ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ: Դպրոցը գործելու է շաբաթվա բոլոր օրերին` ժամը 15:00-ից մինչեւ 17-ը: Արդեն չորս տասնյակ երեխա ցանկություն է հայտնել դպրոց հաճախելու, բայց այս թիվը դեռ վերջնական չէ: Դպրոցում կգործի չորս խմբակ` եկեղեցու պատմություն, նկարչություն, գոբելեն եւ ասեղնագործություն: Հնչեցին շնորհավորանքի խոսքեր եւ բարեմաղթանքներ` կիրակնօրյա հոգեւոր դպրոցի սաներին ուղղված:

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի մեկը ճանաչողական այցով Սյունիք էին ժամանել Հայաստանի առաջատար տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ: Հանդիպումը կայացավ Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում եւ անցկացվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի եւ Սյունիքի մարզի ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հյուրընկալության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրի շրջանակներում: "Զբոսաշրջային նոր հնարավորություններ Սյունիքում" ծրագիրն իրագործել են ԵԱՀԿ Կապանի գրասենյակը` "Կապանի կանանց ռեսուրս կենտրոն" հկ-ի հետ համագործակցությամբ: Երկօրյա այցի նպատակն էր ծանոթանալ Սյունիքի էկոտուրիզմի եւ գյուղական տուրիզմի հնարավորություններին, տուրիստական գործակալները հնարավորություն ստացան այցելել "Սոսիների պուրակ", Շիկահողի պետական արգելոց եւ վերջիններիս հարեւանությամբ գտնվող պատմամշակութային վայրեր: Նույն օրը նաեւ տեղի ունեցավ Սյունիքի մարզի տուրիստական ուղեցույցի շնորհանդեսը, որում ներառված են նաեւ քարտեզներ ու զբոսաշրջային երթուղիներ` նախօրոք մշակված իտալացի փորձագետ Նադյա Պասկուալի կողմից:

ՀՀ դպրոցականների շախմատի 7-րդ օլիմպիադայի համայնքային մրցումներին Կապանի տարածաշրջանից մասնակցում էր 22 թիմ: Կապանի N2 ավագ դպրոցի թիմը` Արտյոմ Մարգարյան, Դավիթ Հովհաննիսյան, Ալեքս Նուրիջանյան, Անի Հովհաննիսյան կազմով, շվեյցարական մրցակարգով հաղթելով իր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը եւ իրավունք նվաճեց մասնակցել մարզային փուլին:
Նոյեմբերի 1-3-ը Երեւանում անցկացվեց վոլեյբոլի բարձրագույն խմբի կանանց առաջնությունը, որի արդյունքում Սիսիանի մարզադպրոցի "Լեռ-էքս" (մարզիչ` Աղվան Հակոբյան) թիմը հաղթեց եւ դարձավ հանրապետության չեմպիոն: Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Սիսիանի մարզադպրոցի սան Սոնա Սադեղյանը: Հաղթող թիմը ստացավ ոսկե մեդալ, պատվոգիր եւ դրամական պարգեւ:
Նոյեմբերի 9-ին "Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա" հասարակական կազմակերպությունը "Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի" ծրագրի շրջանակներում կազմակերպեց միջոցառում "Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական վերահսկողությունը Սյունիքի մարզում" թեմայով, որին ներկա էին մարզի դատախազ Նորայր Հակոբյանը, փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, "Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի" ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանը: Կարեն Զադոյանն առանձնացրեց մի քանի հարց, որոնց իրականացման դեպքում որոշ չափով կկանխվեին կոռուպցիոն դեպքերը: Կարեւորվեց նաեւ քաղաքացիների օժանդակությունը, հանրային իրազեկումը եւ բարեփոխումների իրագործումը մեր կյանքի` կոռուպցիոն ռիսկեր ունեցող ոլորտներում:

ԼՈՒՐԵՐ
"Սյունյաց երկիր" տասնօրյա թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ից: Լուսաբանում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը: Անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին: Սփռվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ նրանց հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան: Տպաքանակը 2000 է, ծավալը` երկու տպագրական մամուլ: Նշանակալից պատմական եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում արտահերթ հատուկ-թեմատիկ համարներ: Խմբագրակազմն ունի տասը աշխատող:
Հիմնադիրը եւ հրատարակիչն է "Սյունյաց աշխարհ" ՍՊԸ-ն:
Հասցե` ՀՀ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռախոս` + 374 0285 5 25 63
+ 374 091 45 90 47
+ 374 077 06 28 02
Էլ.փոստ` [email protected]